Նորություններ

«Ձեր որդին չպիտի լինի հաջորդ զոհը». Երևանում պահանջում են պատժել զորամասի կացարանի հրդեհի մեղավորներին

«Համախմբում» շարժման անդամներն այսօր՝ հունվարի 23-ին, կառավարության առջև «Ձեր որդին չպետք է լինի հաջորդ զոհը» կոչով բողոքի ակցիա են իրականացրել` պահանջելով պատժել ինժեներասակրավորային վաշտի ժամանակավոր կացարանում բռնկված հրդեհի մեղավորներին։

Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքում ունեն «Առանց բանակ ապագա չկա», «Մեղավորը քո ԴՆԹ-ն է», «Բանակը մեր ողնաշարն է», «Զուգահեռ իրականություններ» գրություններով ցուցապաստառներ, ինչպես նաև անմեղ 15 զոհերի լուսանկարները։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին Արագածոտնի մարզում մասնավորապես հայտարարել էր. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են»։

«Համախմբում» շարժման ղեկավարներից մեկը` Մենուա Սողոմոնյանը, հայտարարեց, որ ողբերգության առաջին պատասխանատուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երկրորդ պատասխանատուն` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Եթե կան միջոցներ «Եվրատեսիլի» համար 5 միլիարդ ծախսելու համար, գաղտնի որոշումներով 500 000 դոլարով վարչապետի և նրա տիկնոջ համար նոր մեքենաներ գնելու համար կամ էլ 2 մլն դոլարով հանրապետության հրապարակը զարդարելու համար, ապա ինչպե՞ս է ստացվում, որ միջոցներ չկան մեր անվտանգությունը պահպանող զինվորների համար նորմալ կացարան պատրաստելու համար։ Բնականաբար, կան այդ միջոցները, սակայն եթե դրանք չեն ծախսվում, ապա նշանակում է, որ ուժեղ բանակն առաջնահերթություն չէ կամ էլ չեն տիրապետում իրավիճակին»,–ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ Փաշինյանն ու Պապիկյանը պետք է հրաժարական տան։

Lրագրողների հետ զրույցում «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք  Չալաբյանն ասաց. «Տպավորություն կա, որ պաշտպանության նախարարությունը, որը ղեկավարում է նաև  կառավարության շենքից, և բանակն իրեր հետ շատ աղոտ կապ ունեն»: Նրա խոսքով, բանակին պետք է տեխնիկա, որպեսզի նոր ճանապարհներ, բունկերներ կառուցեն, դիրքեր փորեն և այլն, այդ ամեն ինչը պարզապես չկա. «Գնում ես, մարդկանց հետ խոսում ես, ասում են՝ կարո՞ղ եք մեզ մի հատ «Կամացուով» օգնել։ Զարմանում ես՝ այս ամբողջ բանակն իր սեփական «Կամացուն» չունի՞։ Բա այդքան բյուջե է տրամադրվում։ Մեր երկրի  բյուջեի ամենամեծ հատվածը տրամադրվում է պաշտպանությանը»:

Չալաբյանի խոսքով, անցյալ տարի առանձնապես սպառազինություն էլ չի գնվել, համակարգում աշխատավարձերը շատ ցածր է:

Նշենք, որ բողոքի ակցիայի մասնակիցները լուռ երթով շարժվեցին դեպի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որպեսզի մոմեր վառեն հրդեհի հետևանքով մահացած 15 զինվորների հիշատակին։

Back to top button