Շուշիի տան բանալին թողել է այնտեղ, տեղը չի ասում. Սուրեն պապը վստահ էր, որ հետ է գնալու

Շուշեցի 71-ամյա Սուրեն Բաղդասարյանը մեկ անգամ չէ, որ բռնել է գաղթի ճանապարհը:
Այս անգամ էլ Շուշիի շեն տան դուռն է փակել ու թոռների հետ դուրս եկել՝ ոչինչ չվերցնելով իր հետ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշում է՝ վստահ էր, որ հետ է գնալու: Անգամ բանալին է թողել այնտեղ…
Հարմարավետ ու գեղեցիկ տուն է թողել հայրենի Շուշիում, մեծ այգով:
Հիմա Շուշիի, իր տան մասին հարցերը շատ ցավոտ են նրա համար: Ժամանակ առ ժամանակ ընդհատում է հարցազրույցը:
Հիշում է, որ երբ ինքը թոռների հետ դուրս եկավ Շուշիից, կինը որպես բուժքույր շարունակում էր աշխատանքը տեղի հիվանդանոցում: Հետո կինն էլ միացավ իրենց:
Ասում է՝ տեսեք՝ երկու ծանր տարիները ինչպես են փոխել ինձ: Ֆիզիկապես թուլացել է, բժիշկների հսկողության տակ է պարբերաբար: Հերթական անգամ եկավ Երևան՝ բուժում ստանալու, երբ դուրս գրվեց հիվանդանոցից, ճանապարհն արդեն փակել էին ադրբեջանցիները: Կնոջ հետ հիմա Գորիսի հյուրանոցներից մեկում է ապրում:
Արցախում զավակներին ու թոռներին է թողել: Չսպասեց Երևանում, հասել է Գորիս, որ երբ ճանապարհը բացվի, կարողանա ավելի արագ հասնել նրանց:
Ասում է՝ ապրելու է Արցախում, բայց չկա վստահություն, որ այսուհետ էլ խաղաղ կեցությունը հնարավոր կլինի: Ճանապարհի փակում, գազամատակարարման դադարեցում. Ադրբեջանի նպատակը Արցախը հայաթափելն է, ասում է Սուրեն Բաղդասարյանը: