Նորություններ

Համահավաք Թեհրանում՝ ի զորակցություն Արցախի

Թեհրանի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կազմակերպվել է համահավաք՝ ի զորակցություն Արցախի եւ արցախահայության: Այս մասին տեղեկացնում է Թեհրանի Հայոց Թեմի Առաջնորդարանի կայքը։

«Այսօր Արցախը իր վիրավոր վիճակով արյունարբու թշնամու հաճախակի սադրանքներին է ենթակա. մի նենգ ու ոճրագործ թշնամի, որ անմարդկային ու սադայելական ամեն միջոցի է դիմում Արցախն ու արցախցուն ընկճելու եւ իր իշխանության ենթարկելու համար։ Սակայն նա մոռանում է, որ Արցախը ինչպես անցյալում այնպես էլ ներկայում հավատարիմ իր ազգային պայքարի ոգուն, կա իբրեւ մկրտարան ու բրոբատիկեի ավազան, որի մէջ մտնել-ելնելով յուրաքանչյուր հայ ավելի է հայանում ու բյուրեղանում իր ազգային եւ ինքնուրույնության տվյալներով, որով եւ ավելի եւս հերոսանում ու արիանում»,- ասված է Թ.Հ.Թ. Առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանի հայտարարության մեջ:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, այսօր Արցախը հուսավառ նայվածքով նայում է հայաստանցի ու սփյուռքում ապրող իր հայրենակիցներին նրանցից առավել ուժ, զորակցություն, պայքարի եւ պահանջատիրության ոգեշունչ հանձնառության ակնկալիքով:

Ըստ կայքի, երբ, որ հնարավորություն ստեղծվի անմիջապես քայլեր կձեռնարկվի արցախահայության անմիջական կարիքների օժանդակության համար:

Back to top button