Նորություններ

Հացի. Շրջափակում, օր 43-րդ

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Հացի համայնքը կանգնել է մի շարք խնդիրների առջև։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հացիի համայնքապետ Սանթուր Սարգսյանը։

«Խանութներում ապրանքատեսակներ չկան, բենզինի և դիզելային վառելիքի լուրջ խնդիր ունենք, վերջին օրերին էլ զրկվել ենք բնական  գազից, ինչի հետևանքով  գրեթե անհնարին է դարձել փոխադրամիջոցներից օգտվելը,  և սա լուրջ խնդիր է, հատկապես երբ  անհրաժեշտ է դառնում առողջական խնդիրներ ունեցող մարդկանց տեղափոխել բուժհաստատություններ։ Այս ամենին զուգահեռ` թշնամին կրակ է բացում է աշնանացանի աշխատանքներ իրականացնող գյուղացիների ուղղությամբ։ Այդ ցավալի փաստով պայմանավորված` այս պահին ամբողջ համայնքի տարածքում դադարեցված են գյուղատնտեսական աշխատանքները»,-մանրամասնել է Ս. Սարգսյանը։

Նրա իրազեկմամբ` կանաչեղենի պահանջարկը  որոշակիորեն բավարարում են գյուղում ժամանակին տեղադրված  ջերմոցները։ Դա նաև մի քանի ընտանիքների համար եկամտի աղբյուր է։ Բայց բոլորի համար էլ պարզ է, որ նման մանրուքներով ստեղծված հումանիտար ճգնաժամը հաղթահարելը դժվար է։

Համայնքապետը հավաստում է` չնայած Արցախում ստեղծված ծանր իրավիճակին` հայրենի հողում խաղաղ ապրելն  ու  արարելը բնակիչների նպատակն ու ցանկությունն է։

«Բոլորիս ավելի շատ անհանգստացնում է մեր երկրի անվտանգությունը և մեր հարցի  վերջնական կարգավորումը»,-հավելել է մեր զրուցակից։

Back to top button