Նորություններ

ՄԻՊ-ն անընդունելի է համարել օգնություն տրամադրելիս երեխաներին բաց դեմքով լուսանկարելն ու համացանցում տարածելը

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել օգնություն տրամադրելու ընթացքում մարդկանց, հատկապես  երեխաներին, դեմքով լուսանկարելն ու համացանցում տարածելը։

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ ասված է.
«Ողջունելի է, որ  ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում տարբեր կառույցները,այդ թվում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները  օգնություն են տրամադրում հանրությանը՝ այդ թվում հղի կանանց և երեխաներին։
Սակայն անընդունելի եմ համարում անձանց՝ հատկապես երեխաներին, բաց դեմքով նկարահանելն ու լուսանկարները համացացում տարածելը։ Արժանապատիվ արցախցու համար առնվազն նվաստացուցիչ է ընկալվում տրամադրվող օգնությունը շահարկելն ու որպես խղճահարության տեսարան օգտագործելը, ինչի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություններ են ներկայացվել նաև ՄԻՊ հաստատություն։
Հորդորում եմ օգնություն տրամադրող բոլոր կառույցներին և անհատներին հարգել մարդկանց անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը և զերծ մնալ նման լուսանկարներ տարածելուց»։

Back to top button