ՆորություններՔո ձայնը

Ինչու են Հայկական բանակի զինվորները եղել գյուղական անմխիթար տանը

Լրագրող Թաթուլ Հակոբյանը սոցցանցի իր էջում գրել է.
«Ինչու են Հայկական բանակի զինվորները եղել գյուղական անմխիթար տանը. պարզաբանում գործընկերներիս՝ լրագրողների համար
Քանի որ իմ գործընկեր լրագրողները ռեպորտաժներ են պատրաստում սարսափելի ողբերգության, հանցավոր անփութության վայրից՝ Ազատից և այլ գյուղերից, կարճ հստակեցնենք, թե երբ և ինչու են մեր զինվորները հայտնվել այդ գյուղական, անմխիթար տներում:
Սեպտեմբերի 13-ի առավոտյան, երբ բացվում էր լույսը, Մասրիկի դաշտից, մի քանի հոգանոց խմբերով դեպի Վարդենիս էին շարժվում հարյուրավոր ժամկետային զինծառայողներ:
Նայելով այդ տեսարանը՝ խիստ հուզվել էի: Տղաների մոտ չկար խուճապ, ադրբեջանական առաջին իսկ հրետակոծությունից հետո նրանք դուրս էին եկել Սոթքի իրենց ռազմակայանից և ցրվել Մասրիկի դաշտում: Եվ ահա, երբ բացվում էր լուսաբացը, նրանք մեկ-մեկ, երկու-երկու դուրս էին գալիս դաշտերից: Այդ տեսարանը դիտում էինք Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանի հետ: Հարյուրավոր զինվորներ էին դուրս գալիս Մասրիկի դաշտից, առանց խուճապի, հանգիստ ու դա շատ սիրուն տեսարան էր:
Արդեն այդ գիշեր պարզ էր, որ Սոթքի զորամասը, բացի այն, որ պետք է տեղակայվի այլ վայրում, քանի որ հակառակորդի ուղիղ նշանառության տակ է, նաև պիտանի չէ բնակության համար: Հետո, երբ երկօրյա հարձակումը դադարեցվեց, մոտիկից տեսա Սոթքի զորամասը, նկարներ եմ արել:
Սեպտեմբերի 13-ի առավոտյան Սոթքի զինվորները հավաքվեցին Վարդենիսի դպրոցներից մեկում: Հենց այդտեղ էին գալիս ծնողները՝ հասկանալու, թե իրենց որդիները ողջ են, վիրավոր են, զոհերի մեջ են… Ծանր օր էր, սարսափելի ծանր օր: Արդեն խոսվում էր 200-ից ավելի զոհերի մասին:
Վարդենիսի այդ դպրոցից մի քանի հազարանոց զորքը ցրեցին Վարդենիսի գյուղերում, որովհետև, կրկնեմ, Սոթքի զորամասը խիստ տուժել էր և անթույլատրելի էր այնտեղ վերադառնալ, եթե անգամ պիտանի լիներ:
Ահա այս պատճառով է, որ մեր զինվորները տեղաբաշխվեցին Վարդենիսի բազմաթիվ գյուղերում՝ սեփական տներում:
Չորս ամիս է անցել սեպտեմբերյան դեպքերից և այդ ամիսները բավարար էին, որպեսզի մեր զինվորները ապահովվեին մարդկային կացարաններով: Որեւէ բացատրություն չի կարող լինել արդարացում: Մեղավորները պետք է պատժվեն ամենախիստ կերպով: Բանակի ղեկավարության և ՀՀ քաղաքական ղեկավարության հանցավոր անփութության հետևանքով 15 զոհ ունենք»:

Back to top button