Նորություններ

«Բանակ եմ ուղարկել առողջ, կյանքով լեցուն տղայի, բայց հիմա կողքիս նստած չի խոսում, մի կողմը չի աշխատում… լավը չէ՞ր բանակը»

Գորիսի հյուրանոցներից մեկում է բլոկադայի այս օրերին ապրում Վեներա Աղաջանյանի ընտանիքը: Նրա որդին՝ Ալեքս Աղաջանյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ գլխի շրջանում ծանր վիրավորում է ստացել: Հրաշքով է փրկվել, ասում է մայրը և իր շնորհակալությունը հայտնում բոլոր բուժաշխատողներին, ովքեր պայքարել են որդու առողջության համար:

«Ալեքսը, որ հիմա իմ կողքին է, Աստծո և բժիշկների կամքով է: Ժամկետային զինծառայող էր, հունվարին պետք է զորացրվեր:  Վիրավորվել է հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը: Շատ ծանր վիճակում իրեն տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն»,- պատմում է  մայրը:

Ալեքսը պատերազմից հետո չի խոսում. նա  պարբերաբար պետք է գտնվի բժիշկների հսկողության տակ՝ վերականգնողական բուժում ստանալու համար: 6 ամիս պարբերականությամբ այցելում է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Հերթական այցելությունը համընկավ բլոկադայի հետ: Աղաջանյանների ընտանիքը տուն՝ Արցախ, չի կարող վերադառնալ:

44-օրյա պատերազմը Ալեքս Աղաջանյանից  խլեց ոչ միայն առողջությունը, այլ նաև տունը: Նախքան պատերազմն ապրում էին Քաշաթաղի շրջանի Վարդուտ գյուղում, որն այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ է:

Հիմա վարձով են ապրում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում:

«Հարազատներս հիմա էլ Արցախում են. քույրս երեխաների հետ, հայրիկս… Մենք շատ ենք ուզում վերադառնալ Արցախ, ժամեր, օրեր, վայրկյաններ ենք հաշվում, որ ճանապարհը բացվի, գնանք: Հենց բացվի, առաջինը մենք մեր մեքենայով կմտնենք Արցախ»,- ասում է Ալեքսի մայրը:

Հարազատների հետ անընդհատ խոսում է, ասում է՝ հիմա Արցախում շատ  դժվար է:

«Չէ՞ որ այնտեղ կան մեծ թվով երեխաներ, մեծահասակներ, հաշմանդամներ… Ինչքա՜ն դժվար է նրանց համար: Հիմա դուք պատկերացնո՞ւմ եք՝ երկու տարեկան երեխան ասի՝ մանդարին եմ ուզում, և ծնողը չկարողանա տալ: Պատկերացնո՞ւմ եք այդ ծնողի հոգեվիճակը»:

Չնայած ստեղծված իրավիճակին՝ Վեներան ընտանիքի հետ Արցախը լքելու ծրագրեր չունի: Որդուն շատ է անհրաժեշտ Երևանի հետ կապը՝ հաշվի առնելով այն  հանգամանքը, որ բուժումներն ընդհատել պետք չէ, բայց միևնույն է՝ վերադառնալու են Արցախ:

«Մենք թեժ գիծ էլ ենք զանգել, Կարմիր խաչ էլ, որ գոնե տղայիս տանեն Արցախ, մենք հետո, բայց մեզ մերժել են»:

Ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու միակ ուղին, ըստ Վեներա Աղաջանյանի, միասնականությունն է:

«Թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանությունները և թե՛ ժողովուրդը պետք է միասնական լինենք: Մեր հաղթանակը միասնականության մեջ է լինելու: Ո՞նց էր՝  կարապը, խեցգետինը և գայլաձուկը ամեն մեկը դեպի իրեն ձգում: Հիմա Հայաստանի իշխանություններն  ասում են՝ թող Արցախը գնա բանակցությունների: Արցախն ինչո՞վ գնա բանակցությունների: Եթե այդպես անենք, իհարկե, ոչ մի բանի չենք հասնելու, իսկ եթե 90-ականների նման միասնական լինենք… տեսեք՝ ինչ արեցին 90-ականներին, թեկուզ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ մեր զինվորները առյուծներ էին, դիմակայել են թշնամու եսիմ ինչերին… ուղղակի մեր երեխաները մենակ էին…»:

Իսկ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե կարծել ենք, որ ունեցել ենք հզոր բանակ, Ալեքսի մայրը վիրավորական է համարում:

«Ինչի՞ բանակը լավը չէր… Զինվորներից մեկի ծնողը ես եմ եղել, իմ տղան բանակում ծառայել է, անձնուրաց կռվել է… զոհված տղաներն են եղել բանակում, իմ տղան է եղել բանակում, որ գնացել է առողջ, կյանքով լեցուն տղա, բայց հիմա նստած չի խոսում, մի կողմը չի աշխատում: Եթե ասում է՝ ջուր, փոքր երեխու նման ձեռքով է ցույց տալիս… լավը չէ՞ին… էս օրին հասցրեցին մեր երեխաներին, տվեցին մեզ»:

Back to top button