ՆորություններՔո ձայնը

«Ոչ մի պոտենցիալ լիդեր չի ցանկանում մտնել պատասխանատվության տակ ու հաջորդ քայլում զոհաբերվել»

«Լիդերացավ… Խորքային ավտորիտար մտածողություն ունեցող հանրությունները միշտ լիդեր են որոնում, որի ետեւից պետք է գնան։ Նույնը հիմա Հայաստանում է կատարվում, հին կուռքերին պատվանդաններից ցած են նետվել ու հանրությունը հայտնվել է ճգնաժամի մեջ, եւ անգլուխ մնացած զանգվածը նոր լիդեր է որոնում, ով իրեն ճանապարհ ցույց կտա ու ում ետեւից պետք է գնան»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Ինդիվիդուալիզմից զուրկ հասարակությունները, որոնք ի վիճակի չեն հորիզոնական հարաբերություններ ստեղծել, այլ ելք չունեն, քան լիդեր որոնեն։ Դա հեշտ ճանապարհ է՝ չես մտածում, քայլ չես անում ու պատասխանատվություն քեզ վրա չես վերցնում։

Հիմա պարզենք, թե ինչ որակներ է պետք ունենալ հորիզոնական հարաբերությունների համար։ Դրա համար պետք են արժեքներ ու կանոնակարգեր, միմյանց հետ տանելի հարաբերություններ ստեղծելու համար, յուրաքանչյուրն իր համար որոշում կայացնելու եւ դրա պատասխանատվությունը կրելու ունակություն։ Պարզ՝ միասնական որոշումներ կայացնելու մեխանիզմներ ու դրանց կատարելու պարտադրանք։ Այդպես կայանում են համակարգերը’ պետության, ազգի ու կառույցների տեսքով։

Եթե դա չկա, մարդիկ ստիպված են լիդեր որոնել, ով եւ որոշում իրենց փոխարեն կկայացնի եւ դրա պատասխանատվությունը կկրի, իսկ ձախողման դեպքում կդառնա ազգի թշնամի։ Հիմա բոլորը լիդեր են որոնում, սակայն նման պայմաններում ոչ մի պոտենցիալ լիդեր չի ցանկանում մտնել պատասխանատվության տակ այս տոտալ անպատասխանատվության մթնոլորտում ու հաջորդ քայլում զոհաբերվել։

Իսկ ավելի բարդ օրգանիզմ մենք չենք ցանկանում եւ չենք կարողանում դառնալ, ոչ էլ դրա անհրաժեշտությունն ենք հասկանում»,-գրել է քաղաքագետը:

Back to top button