ՆորություններՍպորտ

Ես շատ եզրափակիչներում եմ խաղացել, բայց առաջին անգամ եմ խաղալու Միլանի դեմ․ Մխիթարյան

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Սուպերգավաթի «Միլանի» հետ հանդիպումից առաջ կայացած ասուլիսի ժամանակ խոսել է սպասվող խաղի մասին։

— Մենք լավագույնս պատրաստվել ենք վաղվա հանդիպմանը։ Նույն կերպ պատրաստվեցինք «Նապոլիի» ու «Բարսելոնայի» հետ հանդիպումներին։ Մենք գիտենք, որ ուժեղ թիմի դեմ ենք խաղում, բայց նույնքան ուժեղ ենք նաև մենք:

— Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մարզավիճակը։ 

— Եթե ես խաղում եմ, նշանակում է, որ լավ մարզավիճակում եմ և կարող եմ օգնել թիմին: Ես 33 տարեկան եմ, դեռ պատրաստ եմ խաղալ որքան հնարավոր է երկար։ Գիտեմ, որ ինձ քիչ ժամանակ է մնացել և ամեն ինչ անում եմ յուրաքանչյուր խաղից հաճույք ստանալու համար:

— Գո՞հ եք «Ինտեր» տեղափոխվելու որոշումից:

— Ես չեմ զղջացել դրա համար։ Մի քանի տարի խաղացել եմ «Ռոմայում», բայց հիմա «Ինտերում» եմ և մտածում եմ այստեղ ինչ-որ բան հաղթելու մասին։

— Ինչպե՞ս եք պատրաստվում հանդիպմանը և ի՞նչ կարծիք ունեք խաղից դուրսը որոշող կիսաավտոմատ համակարգի մասին:

— Նախապատրաստական ​​աշխատանքները դեռ շարունակվում են։ Ամեն ինչ կանենք լավ պատրաստվելու համար։ Ինչ վերաբերում է խաղից դուրսը որոշող համակարգին, ապա մեզ դա չի հետաքրքրում: Մենք պետք է մեր խաղը խաղանք, մնացածը մեզնից կախված չէ։

— Դուք շատ եք բարձր մակարդակի հանդիպումներ անցկացրել, ինչպե՞ս են դրանք տարբերվում։ 

— Ես շատ եզրափակիչներում եմ խաղացել, բայց առաջին անգամ եմ խաղալու «Միլանի» դեմ։ Այլ հանդիպում է լինելու: Կարող եմ ասել, որ նման հանդիպումները խաղում են սառնասրտությամբ ու մեծ ուշադրությամբ, սխալներ թույլ տալ չի կարելի։ Պետք է կենտրոնացած մնաս և խաղաս քո խաղը:

— Դուք հաղթել եք Սուպերգավաթը բոլոր երկրներում, որտեղ խաղացել եք։ Դուք թալիսմա՞ն եք․․․

— Ես 4 սուպերգավաթ եմ նվաճել, հուսով եմ հինգերորդը կհաղթեմ «Ինտերի» հետ, դա շատ կարևոր է ինձ համար, իմ կարիերայի և ակումբի համար։

— Ի՞նչ տեղի ունեցավ վերջին դերբիում։

— «Միլանի» հետ վերջին հանդիպումն այնքան էլ լավ չէր: Մենք վատ սկսեցինք մրցաշրջանը, որոշ դժվարություններ եղան։ Այս հանդիպումից հետո մենք հաղթեցինք այնպիսի կարևոր թիմերի, ինչպիսիք են «Բարսելոնան» և «Նապոլին»:

— «Ինտերը» ֆավորի՞տ է։ 

— Վաղը ֆավորիտ չի լինելու։ Մենք պետք է խաղանք մեր խաղը։ Եթե մենք մեր լավագույն խաղը ցուցադրենք, ապա ոչինչ չի կարող կանգնեցնել մեզ։

Հիշեցնենք, որ «Ինտեր» – «Միլան» հանդիպումը կկայանա հունվարի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։

Back to top button