Նորություններ

Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի. Վլադիմիր Գասպարյան

Կլինի դատաքննություն, ամեն ինչ կպարզվի: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, հակակոռուպցիոն դատարանում լրագրողներին ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ անդրադառնալով նրան, որ ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել իր դեմ եւ խոսքը շուրջ 30 մլն դոլարի մասին է:

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդգես Սարգսյանի, հետաձգեց նախկին ոստիկանապետ  Վլադիմիր Գասապարյանի եւ նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ գործի քննությունը։

Դատական նիստը հետաձգվեց Գասպարյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանի եւ Ալեքսանդր Կոչուբաեւի՝ գործի նյութերին ծանոթ չլինելու հիմքով։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 24-ին՝ ժամը 10:00-ին։

Հիշեցնենք, որ նախկին ոստիկանապետը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացման եւ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։

Ըստ մեղադրանքի՝ Վլադիմիր Գասպարյանը եւ նրա անվտանգության պետի պարտականությունները կատարած Արշակ Հակոբյանը պաշտոնավարման տարիներին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, հովանավորչության եւ կոռուպցիոն հանցավոր այլ գործունեության արդյունքում ձեռք են բերել իրենց եւ ընտանիքի անդամների օրինական եկամուտները շեշտակի գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ եւ տրանսպորտային միջոցներ, որոնց հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով տարբեր եղանակներով, մասնավորապես` իրենց հետ փոխկապակցված անձանց անվամբ գրանցելու ձեւական գործարքների միջոցով օրինականացրել են դրանք. Գասպարյանն օրինականացրել (լվացել) է հանցավոր ճանապարհով ստացված՝ ընդհանուր ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի գույք:

Back to top button