Նորություններ

Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանը սպասարկել է 111.687 ընթերցողի

Հայաստանի ազգային գրադարանն ամփոփել է 2022 թվականի արդյունքները: Ըստ այդմ՝ 2022 թ. գրադարանն ունեցել է 111687 ընթերցող, 24010՝ էլեկտրոնային շտեմարաններից օտվող, 82530՝ գրքերի համալրում, 2310՝ հրատարակված գրքեր, թվայնացված էջերի քանակ՝ 1 670 826: «Հայ գիրք» և «Հայ պարբերական մամուլ» շտեմարաններում թվայնացված էջերի քանակը կազմել է 12 միլիոն 195 հազար 435 էջ:

Նախորդ տարում Հայաստանի ազգային գրադարանում առավել մեծ պահանջարկ են ունեցել հայ ժամանակակից հեղինակներից Սյունե Սևադան, Նարինե Աբգարյանը, Մելիք Հակոբյանը, Աշոտ Աղաբաբյանը։ Արտասահմանյան գրողներից 2022 թվականին առաջատար են եղել Խալեդ Հոսեյնին և Ագաթա Քրիստին։ Ընթերցողների մեջ գերակշռող խումբը 19-25 տարեկաններն են։

Հայաստանի ազգային գրադարանը հրապարակել է նաև «Հայաստանի գրադարանները 2021 թվականին» աշխատանքների վիճակագրական վերլուծություն ձեռնարկը։

Վերլուծական տվյալներում ընդգրկվել են Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական, ՀՀ ԳԱԱ հիմնարար, գիտատեխնիկական և  գիտաբժշկական գրադարանների տարեկան ամփոփ տվյալները։ Գրքում ընդրկվել են 10 մարզային գրադարանների, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջանների 23 գրադարանների տվյալները։ Գրադարանների վիճակագրական ամփոփ տվյալներում առանձին ներկայացվել են հանրապետության բուհական գրադարանները, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում գործող գրադարանները։

Այս հրատարակությունն օգնություն է գրադարաններին, ԶԼՄ-ներին, տեղեկատվական-վերլուծական հաստատություններին ՀՀ տարածքում գործող գրադարանների գործունեության վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ ստանալու համար։

Գիրքը կազմել և աղյուսակները համադրել է Լիլիթ Մուրադյանը։

Համաձայն գրքում զետեղված հաշվետվությունների՝ ՀՀ-ում 2021 թ. գործել է հանրային բնույթի 651 գրադարան, որից՝ 10 մարզային,  117՝ քաղաքային, 502՝ գյուղական, 22՝ մանկական: Հրատարակությանը կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3ZyJGcv:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Back to top button