Նորություններ

Գյումրիում 82-ամյա միայնակ կինն օգնություն է խնդրում

Անշուք, ցածրահարկ ավտոտնակում՝ Գյումրու 205/276 հասցեում, միայնակ է ապրում 82-ամյա Ոսկեհատ Քուչիկյանը։ Ավտոտնակն ապահովված չէ ոչ հոսանքով, ոչ գազով։ Փայտի վառարանով է հազիվ ջերմացնում ձմռան ամիսներին։ Վառարան է նետում ինչ ձեռքի տակ լինում է՝ կոշիկ, արկղ, կենցաղային իրեր․․․

Ավտոտնակի պայմաններն անտանելի են։ Մութ, կիսաքանդ սենյակում խառնաշփոթ է, վառարանի կողքին էլ կուչ եկած է Ոսկեհատ տատը։ Հարեւաններից Գայանեն վառարանն է խցկում կոշիկներ, ու փորձում փակել սենյակի դուռը․․․

Տոպրակներով փայտ տատին վերջերս է նվիրել բարեգործական կազմակերպության հիմնադիր Սուսաննա Իսահակյանը։

Կույր կնոջը օգնության ձեռք են մեկնել հարեւանները։ Նրանցից մեկն էլ երբեմն տուն է տանում՝ խնամելու եւ տաքացնելու, կամ սնունդը բերում է ավտոտնակ։

Հարեւանն անկեղծանում է՝ օրեր առաջ․ երբ այցելել են տարեցին, անհրաժեշտ իրերը տվել են եւ փորձել հեռանալ, հուզվել են՝ կնոջ խեղճ, անօգնական հայացքը տեսնելիս․․․որոշել են իրենց բնակարան տանել, խնամել։

Շուրջ 20 տարի է՝ Ոսկեհատ տատն ապրում է այս պայմաններում։ Պատմում է՝ 88-ի երկրաշարժի հետեւանքով բնակարան է կորցրել, ապա ստացել նորը, իսկ հետո ստիպված այն վաճառել է եւ տեղափոխվել սեփական ավտոտնակ։

Ոսկեհատ տատը պատմում է, որ երկու որդիները 26 եւ 28 տարեկանում դժբախտ դեպքերի հետեւանքով զոհվել են, իսկ միակ դուստրն արտերկրում է։ Կինն ամուսնուն կորցրել է 5-6 տարի առաջ, հետո հիվանդացել է, կուրացել, մնացել միայնակ։

Ոսկեհատ Քուչիկյանը ժամանակին ապրել է Շիրակի մարզի Ախույրյան գյուղի մասնավոր ծերանոցում, հետո, ինչպես ինքն ու հարեւանն են պատմում, իր փոխարեն մեկ այլ տարեցի են ընդունել եւ իրենից պահանջել հեռանալ։ 2-3 տարի առաջ էլ ստիպված վերադարձել է նախկին ավտոտնակ։

Ոսկեհատ տատը պատմում է, որ ամսական ստանում է 28 հազար դրամ կենսաթոշակ, իսկ նպաստի անհրաժեշտ փաստաթղթղերը Միասնական սոցիալական ծառայություն ներկայացրել է հարեւանը, խոստացել են նպաստ նշանակել։

«Ես հմի իմ հարեւանների օգնության տակ եմ, եթե հարեւաններս չեղնեին՝ ես հմի չկայի շուտվանից։ Ով հասել է՝ օգնել է ինձ։ Ինձ ուշադրություն է պետք»,-ասում է նա։

Երիտասարդ տարիներին Ոսկեհատ տատն աշխատել է Լենինականի ծառատնկարանում, բանջարանոցներում, գումար վաստակել։ «Ընձի մե նայողը տան, ուշադրություն դարձնեն։ Սքան ժամանակ ընձի ոչ քաղաքապետարանն է օգնել, ոչ՝ մարզպետարանը, իրանց չեմ էլ դիմել»։

Հարեւաններից Գայանեն ավելացնում է, որ կնոջ խնամքով ինքը միշտ զբաղվում է, բայց կնոջը պետական աջակցություն եւ հոգածություն է հարկավոր։ «Սքան վաղտ ես եմ նայել, առավոտ կտանիմ իմ տուն, իրիկունը կբերեմ իր տուն, շատ վախտ էլ չեմ բերե իր տուն, կնայեմ, կպահեմ»,-եզրափակում է նա։

Ոսկեհատ Քուչիկյանին օգնելու նպատակով կարող եք կապ հաստատել իր հարեւանի հետ՝ +374 93 343908:

Անի Մկրտչյան

asparez.am

Back to top button