Նորություններ

Օվկիանոսում մարդու գործունեությունը կործանարար հետևանքներ ունի ծովային կաթնասունների համար. գիտնականները դելֆինների վրա փորձ են կատարել

Ծովային շատ կաթնասուններ, թեև ի վիճակի չեն խոսելու, սակայն համատեղ որսի, վերարտադրման և համագործակցություն պահանջող այլ գործողությունների ժամանակ ապավինում են հաղորդակցությանը՝ օգտագործելով ձայնային ազդանշաններ: Հետևաբար, էվոլյուցիայի ընթացքում ձևավորվել է նրանց բավական բարդ «լեզուն»:

Այնուամենայնիվ, վերջին տարիներին մարդու գործունեության հետևանքով օվկիանոսների աղտոտումը կտրուկ աճել է և արդեն իսկ կործանարար ազդեցություն ունի որոշ կենդանիների համար: Օրինակ՝ գիտնականները պարզել են, որ նավերի և հորատման հարթակների աղմուկը կետերի մոտ առաջացնում է կեսոնային հիվանդություն, փոխում է նրանց վարքը, և նրանք սկսում են ափ նետվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Եվ հիմա, ինչպես պարզվում է, նույնիսկ դելֆինները երբեմն չեն կարողանում այնքան բարձր ճիչեր արձակել, որպեսզի լսելի դառնան միմյանց համար, ինչն, ի վերջո, կարող է բացասաբար ազդել նրանց առողջության և պոպուլյացիայի թվաքանակի վրա։

«Եթե վայրի բնության մեջ կենդանիների խմբերը չեն կարողանում հաջողությամբ կազմակերպել համատեղ սնվելու գործընթացը, ապա դա կարող է բացասաբար ազդել առանձնյակների, հետևաբար նաև՝ ամբողջ պոպուլյացիայի առողջության վրա», — նշում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Բրիստոլի համալսարանի դոցենտ Ստեֆանի Քինգը:

Ձայնը ծովային կենդանիների համար տեղեկատվության ամենակարևոր աղբյուրներից մեկն է: Ի տարբերություն լույսի՝ ջրում ձայնը տարածվում է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կիլոմետրեր: Արդյունքում կետանմանները, այդ թվում՝ դելֆինները, ստեղծել են ձայների միջոցով հաղորդակցության բարդ համակարգ։

Դելֆինները ստիպված են իրենց ձայնը բարձրացնել, որպեսզի գերազանցեն օվկիանոսում մարդու գործունեության արդյունքում առաջացած աղմուկը:

_128279133_reese3.jpg (52 KB)

«Նախորդ հետազոտություններից մենք գիտեինք, որ աղմկային աղտոտումն ազդում է կենդանիների վրա, բայց մենք առաջին անգամ հետևեցինք, թե ինչպես է աղմուկն ազդում նրանց փոխազդեցության վրա», — ասում է Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակ, Բրիստոլի համալսարանի աշխատակցուհի Պերնիլ Մայեր Սորենսենը: Նա հետազոտությանը ներգրավել է Սենտ Էնդրյուսի համալսարանի Դելֆինների հետազոտման ​​կենտրոնի իր գործընկերներին:

Փակ ծովալճակում անցկացված հետազոտությանը մասնակցել են Դելտա և Ռիսի անուններով երկու շշաքիթ դելֆիններ (աֆալինա): Դելֆիններն աշխատել են իրենց մարզիչների հետ և պետք է ցուցադրեին համատեղ գործունեություն. նրանք հերթով, որոշակի ընդմիջումներով, պետք է սեղմեին հսկիչ կոճակը:

Երկու դելֆինների վրա էլ ամրացված են եղել ձայնի և շարժման սենսորներ: Փորձերի ժամանակ պարզվել է, որ երբ ծովածոցում մարդածին աղմուկի մակարդակը բարձրանում էր, դելֆինները փորձում էին ավելի բարձր ճիչ արձակել՝ կրկնապատկելով իրենց արձակած ձայների տևողությունը և դրանց բարձրությունը։ Ընդ որում, Ռիսն ու Դելտան փորձում էին նայել միմյանց, քանի որ դելֆիններն ունեն ուղղորդված լսողություն, և երբ նրանք տեսնում են միմյանց, նրանց համար ավելի հեշտ է ընդհանուր աղմուկի ֆոնին հասկանալ ընկերոջ ասածը։

Այնուամենայնիվ, չնայած դելֆինների բոլոր ջանքերին, բարձր աղմկային աղտոտման դեպքում Դելտան և Ռիսը կարողացել են միմյանց ճիշտ լսել միայն 62,5% դեպքերում, մինչդեռ միայն ֆոնային աղմուկի դեպքում նրանք միմյանց հասկացել են 85% դեպքերում:

Ընդ որում, դելֆինները ենթարկվել են 150 դեցիբելից ոչ բարձր աղմուկի ազդեցության։ Իսկ օրինակ, մեծ լցանավը շարժվելիս արձակում է 200 դեցիբել ձայն:

_128274051_strandedkillerwhale.jpg (77 KB)

Սորենսենը նշում է, որ եթե դելֆինը ենթարկվում է աղմուկի, որը խանգարում է նրան համատեղ որսի ժամանակ շփվել ընկերների հետ, ապա դա կարող է հանգեցնել նրան, որ դելֆինը կորցնի նորմալ սնվելու հնարավորությունը, ինչը կազդի նրա առողջության վրա։

Ըստ Սորենսենի՝ հավանական է, որ վայրի դելֆինները նույնիսկ ավելի վատ արձագանքեն աղմկային աղտոտմանը, քան հետազոտական ​​կենտրոնի դելֆինները: Ի վերջո, Դելտան և Ռիսը շատ մոտիվացված կենդանիներ են, որոնք հիանալի հասկանում են իրենց առաջադրանքը և դա արել են հարյուրավոր անգամներ:

Back to top button