ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Նիկոլը համաձայնություն է տվել մի բանի, որտեղ ի սկզբանե Ստեփանակերտը Բաքվի տակ է, Բաքվի մեջ է… ինքնորոշման իրավունքը ծախված է». Արմեն Աշոտյանը՝ «Կարևորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է հարցադրմանը, թե ընդդիմությունը զգո՞ւմ է պատասխանատվություն այն բանի համար, որ Հայաստանի և Արցախի համար այս ծանր շրջանում դատարկ են հրապարակները, չի գեներացվում քաղաքական միտք, քաղաքական դաշտն ամուլ է…

«Ընդդիմությունը միանշանակ ունի պատասխանատվություն ստեղծված իրավիճակի համար, այն իմաստով, որ չի կարողացել գեներացնել պրոցես, որը կավարտվեր Նիկոլի հրաժարականով կամ հեռացումով և շանս կտար Հայաստանին: Նիկոլի հեռացումը փրկություն չէ Հայաստանի ու Արցախի համար: Նիկոլի հեռացումը փրկության հույս է, շանս է, որովհետև մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ամեն անգամ ասում ենք՝ գնա՛, որովհետև հաջորդ օրն ավելի վատն է լինելու: Հաջորդ օրը լինում է ավելի վատը, ասում ենք՝ էլի՛ գնա, քանի հնարավոր է փրկել: Չի գնում: Էլի ավելի վատ… Ու այսպես շարունակվեց մինչև չարաբաստիկ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք պետք էին բոլոր գեոպոլիտիկ ուժային կենտրոններին և Նիկոլին, բայց ոչ հայ ժողովրդին»:

Արմեն Աշոտյանն ասում է՝ ոչ թե քաղաքական միտք չի գեներացվում, այլ չկա քաղաքական մտքի պահանջարկ: Նրա խոսքերով՝ նախկինները հասել են քաղաքական մի կապիտալի շեմի, որից այն կողմ չի աճում այդ կապիտալը, իսկ նորերը՝ չեն կարողացնում պրոցես գեներացնել: Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե ինքը չի կարող ամեն շաբաթ հրաժարական տալ, Աշոտյանը հակադարձում է.

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ հրաժարականները ոչ թե խղճի խայթի, քաղաքական պատասխանատվության, մեղքն ընդունելու արտահայտում էր, այլ այդ հրաժարականները տեխնիկական գեղցի շուստրիություններ էին»:

Աշոտյանը չի հերքում՝ ընտրազանգվածը հիասթափվում է ընդդիմության գործելակերպից: Հիմա նրան մեկ այլ բան դուր չի գալիս, որ ընդդիմության ներսում պարբերաբար ծագում են անհարթություններ:

«Երբ որ ընտանիքում պրոբլեմ է առաջանում, մեծ է գայթակղությունն իրար ուտելու… Իմ կոչը իմ գործընկերներին, ընկերներին՝ դադարե՛ք իրար ուտել: Հատկապես դադարեք ՀՀԿ-ին կպչել: Հերի՛ք է: 18 թվականին Նիկոլը էնքա՜ն է մեզ կպել, որ էլ ոչ մի բան մեզ համար վախենալու չէ: Կամ հեռու խաղացեք, կամ եկեք շարունակենք միասին խաղալ»…

Անդրադառնալով ասուլիսի ընթացքում Արցախի վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին, մասնավորապես նրան, որ Բաքուն և Ստեփանակերտը պետք է երկխոսեն, Արմեն Աշոտյանը նշեց.

«Կա բրյուսելյան կարգավորման տարբերակ, որտեղ բառացի գրված է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը պետք է տեղի ունենա Ադրբեջանի սահմանադրության շրջանակներում: Նիկոլը խաբում է, երբ ասում է, թե ես ամեն ինչ կանեմ, որ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցի, բայց չի ասում, որ ինքը համաձայնություն է տալիս մի բանի, որտեղ ի սկզբանե Ստեփանակերտը Բաքվի տակ է, Բաքվի մեջ է…»:

Հաչրցազրույցն ամբողջությամբ՝ ստորեւ:

Back to top button