Հայաստանում փետրվարի 1-ից անձի հաշմանդամությունն այլևս կարգերով չի սահմանվելու. ՀՀ սոցիալական հարցերի փոխնախարար

Հայաստանում հաշմանդամության կարգ սահմանող ծառայությունը երկար տարիներ ասոցացվել է կոռուպցիոն դրսևորումների հետ: Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գրասենյակի տարածքային բաժինների աշխատանքից քաղաքացիները շարունակ դժգոհ են մնացել, ու շատ քչերն են եղել, որ համաձայնել են փորձագիտական այդ ծառայության տված եզրակացությունների հետ: Այս կառույցի աշխատանքում բավականին շատ բացեր կան: Այս մասին պատասխանատուները ևս քիչ չեն խոսել, բայց համակարգը ավելի քան 20 տարի որևէ լուրջ փոփոխության չէր ենթարկվում:
2023 թվականի փետրվարի 1-ից քաղաքացու հաշմանդամության սահմանման նոր կարգ է գործելու հանրապետությունում. բժշկասոցիալական փորձաքննությունը փոխարինվելու է անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգով։ Ի՞նչ է սա իրենից ներկայացնում: Համակարգում տեղ գտած փոփոխությունների մասին մանրամասնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղեկալ Տաթևիկ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս անձի հաշմանդամությունը սահմանվում է՝ իրականացնելով բժշկա-սոցիալական փորձաքննություն, փորձաքննական հանձնաժողովն էլ կազմված է միայն բժիշկներից (թերապևտներ, նյարդաբաններ, ըստ քաղաքացու հիվանդությունների տեսակների), իսկ ներդրվող համակարգը ենթադրում է անձի ֆուկցիոնալության գնահատում, այսինքն, պետք է գնահատվեն նաև անձի կարողությունները ֆուկցիոնալության տեսանկյունից: Իսկ սա, ըստ փոխնախարարի, նշանակում է, որ հանձնաժողովները պիտի համալրվեն հարբժշկական մասնագիտացում ունեցող անձանցով՝ հոգեբան, լոգոպեդ, վարքային թերապիստ և այլն, ովքեր կկարողանան գնահատել, այսպես ասած, մարդու կարողությունների շրջանակը:
«Մենք ներկայումս սահմանում ենք 0-18 տարեկան մրջակայքում հաշմանդամ երեխա կարգավիճակ և ըստ ծանրության աստիճանի՝ առաջին, երկրորդ, երրորդ հաշմանդամության խմբեր՝ բնականաբար առաջինը համարելով ամենածանրը, և հետևաբար, ըստ նվազման կարգի»,- ասում է փոխնախարարն ու ավելացնում. «Ապագայում մենք խմբեր չենք ունենալու, քանի որ ունենալու ենք անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ և սահմանելու ենք ֆունկցիոնալության աստիճանը, այսինքն, խորը, ծանր, միջին, թեթև և առհասարակ, օրինակ, ֆունկցիոնալության 0-4 տոկոսի խախտման դեպքում չենք սահմանելու որևէ տեսակի ֆունկցիոնալության խանգարում:
Տաթևիկ Ստեփանյանի վստահեցմամբ՝ 2023 թվականի փետրվարի 1-ից նորովի է գնահատվելու անձի կարողությունները, անձի ֆունկցիոնալությունը, պետությունը սկսելու է ամբողջական տեղեկատվություն հավաքագրել, և այդ հավաքագրման գործընթացում տարիների ընթացքում պիտի ընդլայնվեն անձի վերաբերյալ բոլոր ծառայությունները և սոցիալական երաշխիքները:
«Օրինակ, մենք, առհասարակ, Հայաստանում ունենք ընդհանրական մոտեցում անձի, քաղաքացու նկատմամբ: Սոցիալական, առողջապահական, կրթական երաշխիքներ տրամադրում ենք բացառապես նրա կարգավիճակով պայմանավորված, այսինքն, եթե դու առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձ ես, ապա ունես այս կամ այն երաշխիքները՝ առանց հաշվի առնելու, թե առաջին խմբի հաշմանդամության մեջ ինչպիսի տարատեսակներ ու տարբերություններ կան, ու սոցիալական արդարության տեսանկյունից սա այնքան էլ արդար չէ: Քանի որ մենք, սահմանելով մարդուն, քաղաքացուն միատեսակ երաշխիքներ, չենք կարողանում լավագույնս նպաստել նրա համար անհրաժեշտ սոցիալական միջավայրի ստեղծմանը, որ հնարավորինս վերականգնենք նրա կորսված կարողությունները և հնարավորություն տանք նրան ընդգրկվել սոցիալական միջավայրում»:
«Բոլորին հայտնի 088 ձևը, որով քաղաքացին ուղեգրվում է բժշկասոցիալական փորձաքննության, այլևս չի լինելու առձեռն, բազմաթիվ իրար կպցրած թերթոնների տեսքով, այլ լինելու է բացառապես էլեկտրոնային առողջապահական համակարգով»,- հավաստում է Տաթևիկ Ստեփանյանը:
Ըստ նրա՝ շատ կարևոր է, որ քաղաքացին լրացնի ինքնագնահատման թերթիկ, որտեղ պիտի ներկայացնի իր դժվարությունները, միջավայրային խոչընդոտները, որոնք տեսնում է, այնուհետ համակարգը պիտի ինքնաշխատ կերպով գնա հաջորդ քայլին, ամփոփագիր լրացնողների մոտ: Ամփոփագիր լրացնողները օրենսդրական կարգավորումներով բժիշկներ են, ովքեր մի կողմից գնահատելու են մարդու օրգանիզմի կառուցվածքը և ֆունկցիաները, մյուս կողմից լրացնելու են նրա կարողությունների մասին տեղեկություններ:
Փոխնախարարը նշում է, որ քաղաքացու գործը լրացվելու է 5 տեսակի արձանագրություններով՝ մտավոր, քրոնիկ, հենաշարժողական, տեսողական, լսողական խնդիրների հետ կապված: Կընտրվի բժիշկներից և հարբժիշկներից բաղկացած այն թիմը, որը կկատարի գնահատումները:
«Գնահատումն իրականացվելու է միասնական սոցիալական ծառայության բոլոր 49 տարածքներում»,- հայտնում է փոխնախարարը:
Ըստ նրա՝ երկիրը բավական երկար է գնացել այս փոփոխությանը. անձի ֆունկցիոնալության գնահատման մասին օրենքի ընդունումից հետո մշակվել են 11-ից ավելի ենթաօրենսդրական ակտեր, որոնք պետք է ապահովեն այս գործընթացը:
Կարինե Կազարովա