«Բարսելոնան» հետաքրքրված է Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով

Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» առաջատար Դաիչի Կամադան կարող է փոխել ակումբային գրանցումը․ նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, հայտնում է Football Espana-ն։
Ճապոնացի ֆուտբոլիստը բավականին լավ մրցաշրջան է անցկացնում՝ օգնելով իր թիմին դուրս գալ ՉԼ-ի փլեյ-օֆֆ:
Չնայած ներկայիս ակումբում ունեցած հաջողություններին, Կամադան ցանկանում է անցնել իր կարիերայի հաջորդ փուլ: Նրա պայմանագրի ավարտին մնացել է վեց ամսից քիչ ժամանակ, ակումբը պետք է որոշի՝ արդյոք վաճառել նրա տրանսֆերը հիմա, թե ամռանը բաց թողնի նրան անվճար:
Այս պահին «Բարսելոնան» հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին և պատրաստ է պայմանագիր առաջարկել ճապոնացուն՝ անվճար ձեռք բերելով նրա տրանսֆերն ամռանը:
«Բարսելոնան» Լա Լիգայի միակ ակումբը չէ, որը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստին: Todofichajes-ի տեղեկություններով՝ «Սևիլիան» ևս ցանկանում է պայմանագիր կնքել նրա հետ։ Թիմի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին ցանկանում է, որ գործարքն ավարտվի այս ամիս, որպեսզի Կամադան կարողանա օգնել թիմին բարելավել իրավիճակը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: Ավելի վաղ Goal-ը հայտնել էր, որ Կամադայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Տոտենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»։