ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Ի՞նչ տոն… 120.000 մարդ շրջափակման մեջ է, չունեն դեղ, սնունդ… դուք ի՞նչն եք տոնում». Նինա Կարապետյանցը՝ «Կարեւորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում իրավապաշտպան Նինա Կարապետյանցն անդրադարձել է Արցախի շրջափակման խնդրին: Նրա կարծիքով` գործող իշխանությունները չեն կարող այդ հարցը լուծել, բայց նաեւ չունեն հեռանալու մասին հայտարարելու կամք:

«Մեզ պետք չէ իշխանություն, որը խնդիրները լուծելու փոխարեն փորձում է թաքնվել այդ խնդիրների հետեւում եւ կեղծ նարատիվներ է տարածում: Պաշտոնին մնալու համար չեն ուզում պատասխանատվություն վերցնել… Մենք ունենք Հայաստանի անվտանգության խնդիր, ունենք Արցախի անվտանգության խնդիր եւ այս խնդիրները պետք է լուծենք բոլորս միասին»,-նշեց իրավապաշտպանը:

«Եթե պետք է այս պահին իշխանությունն արագ փոխվի (բնականաբար, նախկին հանցավոր ռեժիմի վերադարձի մասին որեւէ կերպ խոսք գնալ չի կարող, որովհետեւ սրա հիմքերը ստեղծել են իրենք-Ն.Կ.), եկեք արագ կազմակերպենք, փոխենք: Իշխանությունն էլ ազնիվ պետք է լինի, պետք է հասկանա՝ ինքն ի վիճակի՞ է այս պահին այս խնդիրները լուծել, թե՝ ոչ:

Սրիկայություն է քո պաշտոնին, քո «տաբուրետկին» նստած մնալու խաթեր մնալ իշխանության ու այս վիճակն անընդհատ խորանա ու բարդանա: Իրենք այնքան անազնիվ են իրենց հետ, բոլորի հետ, իրենց ընտրողների հետ, որ չեն էլ կանգնում ասում՝ ժողովուրդ, գիտեք, չի ստացվում: Ինձ համար շատ ավելի արժանապատիվ կլիներ, եթե ասեր՝ ժողովուրդ, սրտանց ուզում էի փոփոխություններ, բայց չեմ կարող անել: Իմ ուժի, իմ «իլաջի» բան չէ, թողեք ես գնամ:

Հիմա ես չեմ հասկանում, թե իրենք ինչով են զբաղված. Նոր տարի են նշու՞մ, ժամանակ են անցկացնու՞մ՝  հարցերի լուծումը թողնելով նոր տարվանից հետո…Ի՞նչ տոն, լուրջ եք ասու՞մ: 120.000 մարդ շրջափակման մեջ է, չունեն դեղ, սնունդ, դուք ի՞նչն եք տոնում, ի՞նչ սրտով: Ձեր տրամաբանությունը որտե՞ղ է»,- հայտարարեց Կարապետյանցը:

Back to top button