ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Սյունիքի միջանցքը» տալուց հետո մեր օրերը հաշված են լինելու. Սուրեն Պետրոսյանը՝ «Կարեւորի մասին»

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում կարծիք հայտնեց, որ Լաչինի միջանցքի բլոկադան ձեռնտու իրավիճակ է ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների համար:

«2020 թվականի պատերազմից հետո ՀՀ իշխանությունները որդեգրել են «խաղաղություն ամեն գնով» քաղաքականությունը, հասարակությանը հրամցրել են հետեւյալ միտքը, որ իրենք որեւէ բան անել չեն կարող, քան խաղաղություն ցանկանալը: Միեւնույն ժամանակ, չունենալով նվազագույն պատկերացում, թե ինչ գին կունենա այդ խաղաղությունը, հնարավո՞ր է հասնել, ի՞նչ ճանապարհով եւ այլն…»: Պատահական չի համարում խոսակցությունները նշաձողն իջեցնելու վերաբերյալ՝ նշելով, որ կա նման պարտադրանք միջազգային կառույցներից:

«Անընդհատ գնացել է նախապատրաստական փուլը, որ մենք պետք է հրաժարվենք Արցախից…Այսօր Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները փորձում են այս խնդիրը հնարավորինս արագ  լուծել: Հայաստանի համար եւս շատ կարեւոր է, որ այս խնդիրը հնարավորինս շուտ լուծվի, տարածքային ամբողջականությունը ճանաչվի, միջազգային մի քանի դերակատար տան երաշխիքներ, Ադրբեջանը եւս տա երաշխիքներ, որ էթնիկ զտումներ չեն լինի: Շտապում են արագ այս հարցը իրավական մակարդակում գոնե փակեն եւ անցնեն հաջորդ քայլին»,-նշեց քաղաքագետը:

Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ ոչ մի թիզ թշնամուն զիջել չհամաձայնող հասարակությունն այսօր կարծես հաշտ է վերոհիշյալ մտքի հետ, Սուրեն Պետրոսյանն արձագանքեց՝ հասարակությունը 30 տարի ենթագիտակցորեն պատրաստ  էր Արցախը  հանձնել, եւ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գտնվեց մեկը, ով սկսեց խոսել բարձրաձայն:

«Ներկա իշխանությունները տրամաբանական շարունակությունն էին նախկին իշխանությունների: Ներկա իշխանությունը ոչ միայն գործով, այլ նաեւ խոսքով ասաց. «ես ունեմ քաջություն դա բարձրաձայնելու»:

«Հիտլերը ոչ թե չարագործ էր, եկավ եւ մարդկանց սարքեց ֆաշիստ, այլ ուղղակի ինքը կապիտալիզացրեց, բարձրաձայնեց այն բոլոր ակնկալիքներն ու ցանկությունները, որն արդեն ձեւավորված էր հասարակության մոտ: Նույնը մեզ մոտ տեղի ունեցավ: Եւ սա իրականում շատ օրինաչափ է: Սա իրականում ողբերգություն է, բայց օրինաչափ է եւ պետք է լիներ դա»,-հայտարարեց Սուրեն Պետրոսյանը:

 

Back to top button