ՄիջազգայինՆորություններ

Պակիստանում էներգիայի խնայողության համար ժամանակից շուտ կփակեն առեւտրի կենտրոնները եւ շուկաները

Պակիստանի իշխանությունները չորեքշաբթի հրամայել են առեւտրի կենտրոններին եւ շուկաներին փակվել մինչեւ ժամը 20.30-ը՝ էներգիայի խնայողության նոր պլանի շրջանակում, որն ուղղված է Պակիստանում տնտեսական ճգնաժամի մեղմմանը, տեղեկացրել են պաշտոնական անձինք։ Այս քայլը նախաձեռնվել է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բանակցությունների ֆոնին։

Երեքշաբթի Պակիստանի պաշտպանության նախարար Հավաջա Մոհամադ Ասիֆը եւ էներգետիկայի նախարար Գուլթամ Դաստգիրը հայտարարել էին, որ կառավարությունը որոշել է ավելի շուտ փակել ձեռնարկությունները էներգամատակարարման նոր պլանի շրջանակում, որը հաստատել է կառավարությունը։ Իշխանությունները նաեւ կոչ են արել հարսանեկան սրահներին եւ ռեստորաններին փակվել մինչեւ երեկոյան ժամը 10-ը։

Կառավարությունը հույս ունի, որ այս միջոցները կօգնեն խնայել էներգիան եւ կրճատել նավթի ներմուծման ծախսերը, որի վրա Պակիստանն ամեն տարի 3 մլրդ դոլար է ծախսում։ Պակիստանում էլեկտրաէներգիայի մեծ մասն արտադրվում է ի հաշիվ ներմուծվող նավթի օգտագործման։

Մինչեւ հիմա նկատվում էր առեւտրի կենտրոնների, ռեստորանների եւ խանութների տերերի ոչ միանշանակ արձագանք, որոնք ցանկանում են, որ կառավարությունը չեղարկի այս որոշումը։

Շատ պակիստանցիներ գնումներ են կատարում եւ ճաշում ռեստորաններում մինչեւ կեսգիշեր։

Ձեռնարկությունների ղեկավարներն ասում են, թե նոր միջոցները բացասական ազդեցություն կունենան իրենց հաստատությունների վրա, որոնք տուժել են համավարակի ժամանակ, երբ կառավարությունն արգելել էր իրենց աշխատանքը, որպեսզի զսպի կորոնավիրուսի տարածումը։ 2021-ից կորոնավիրուսը 36 000 մահերի պատճառ է դարձել (վարակումների թիվը՝ 1,5 մլն)։

Ներկայում Պակիստանը բանակցում է ԱՄՀ-ի հետ 6 մլրդ դոլարի հատկացման որոշ պայմանների մեղմման շուրջ, ինչը, կառավարության կարծիքով, կհանգեցնի գնաճի հետագա խորացման։

Հիմնադրամն օգոստոսին հատկացրել է վերջին տրանշը՝ 1,1 մլրդ դոլարի չափով։ Այդ ժամանակվանից բանակցությունները կողմերի միջեւ փակուղի են մտել։

Պակիստանը հավաստիացնում է, որ անցած ամառվա կործանարար հեղեղումները երկրի տնտեսությանը 40 մլրդ դոլարի վնաս են հասցրել, ինչը դժվարացնում է ԱՄՀ-ի որոշ պայմանների կատարումը, ներառյալ գազի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացումն ու նոր հարկերը։

Back to top button