Նորություններ

Մարտունի համայնքում այս տարի կիրականացվի սուբվենցիոն 11 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2023 թվականին կիրականացվի սուբվենցիոն 11 ծրագիր՝ շուրջ 60 ենթածրագրերով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ծրագրերի նախնական արժեքը կազմում է շուրջ 3,7 միլիարդ դրամ։ Նախատեսվում են ասֆալտապատել 16 կիլոմետր երկարության ներհամայնքային ճանապարհներ, 25 կիլոմետր  ոռոգման ցանց, 30 կիլոմետր խմելու ջրատար ցանց,  15 կիլոմետր լուսավորության ցանց, հիմնանորոգել բազմաբնակարան  շենքերի տանիքներ, նախադպրոցական հաստատությունների շենքեր, մշակույթի տներ։

«Միջգերատեսչական հանձնաժողովը հաստատել է մեր կողմից ներկայացված բոլոր ծրագրերը,  այս պահին  ընթանում են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներ։ Արվում է հնարավորը, որպեսզի ծրագրերի մեկնարկը կարողանանք տալ 2023 թվականի մայիս ամսից՝ մինչեւ տարեվերջ դրանք ավարտելու հեռանկարով։ Ծրագրերը կիրականացվեն Մարտունի համայնքի բոլոր 17 բնակավայրերում»,-նշեց Հովհաննես Հովեյանը։

Back to top button