Գերություն․ զինվորները Բաքվից հետո խոշտանգվում են նաև Երևանում. forrights.am

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն ամփոփում է սեպտեմբերի 13-ի մարտերի ժամանակ գերեվարված և հոկտոմբերի 4-ին Բաքվից Երևան վերադարձած 17 զինծառայողների իրավունքերի ոտնահարման դեպքերը։
Զինվորները դիրքերում մինչև 10 հոգով են եղել՝ հիմնականում առանց հրամանատարի
Սեպտեմբերի 13-ին՝ կեսգիշերն անց, ադրբեջանական Զինուժը հարձակում գործեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ուղղություններով։ Թշնամու անհամաչափ ուժի դեմ 18-20-ամյա զինվորները պայքարել են մինչև վերջին փամփուշտը։ Պաշտոնական վերջին տվյալներով հայկական կողմը 224-ը զոհ է տվել, նրանցից առնվազն 11-ը զոհվել է ադրբեջանական գերության մեջ։
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքերի» ՀԿ-ն հանդիպել է զոհերի հարազատների և գերությունից վերադարձած զինծառայողների հետ։ Նրանք մեզ հետ զրույցներում փոխանցել են ռազմական գործողությունների ոչ համակարգված լինելը, օժանդակ ուժերի, հրամանատարության և համարժեք զինատեսակների բացակայության խնդիրների մասին։ Դիրքերում զինվորները եղել են մինչև 10 հոգով, գերեվարվել են թշնամու կողմից շրջափակման մեջ հայտնվելու հետևանքով։
Ընտանիքի անդամները նշել են, որ նահանջի հրամանը չի տրվել ժամանակին, զինվորներն, ըստ անհրաժեշտության, տեղակայման վայրը չեն փոխել, թիրախավորվել են թշնամու կողմից, ինչի պատճառով զոհվել են կամ գերեվարվել։
«ԱԹՍ-ների դեմ ավտոմատներով են կռվել, երկնքից կրակ է թափվել, միայն ավտոմատ են ունեցել, դրանով ի՞նչ պետք է անեին։ ․․․ Իրենք հյուծված են եղել, իրենց օգնության չեն հասել։ Ցերեկը խրամատ են փորել, գիշերը թշնամու դեմ են կռվել»,- Forrights.am-ի հետ զրույցում նշել են զոհված զինծառայողների հարազատները։
Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի և իշխանության վերին օղակների կողմից զինվորներն անտարբեր վերաբերմունքի են արժանացել։ Չեն տեսել որևէ աջակցություն։ «Մեր ուղղությամբ, մեր հետևից օգնություն չի եկել։ Աստղերից շատ անօդաչուներ էին գալիս, միայն ավտոմատներ էին մեր մոտ։ Դիրքերը նվիրում են, զինվորներին էլ հետը»,-գերությունից վերադառնալուց հետո նշել էր զինծառայողներից մեկը։
Պաշտպանական գերատեսչության անգործության հետևանքով որոշ զինծառայողներ գերեվարվել են նաև սեպտեմբերի 14-ին հայտարարված հրադադարից հետո՝ Ջերմուկի մատույցներում։ «Գերեվարվել ենք Ջերմուկ քաղաքից չորս կմ հեռավորության վրա՝ սեպտեմբերի 15-ի առավոտյան։ Շենքերը, լուսամուներն, ամեն ինչ երևում էր, անտառն էր ու Ջերմուկը»։
Գերության ճանապարհին մեռնելն ամենահեշտն է, բայց․․․
Պատերազնող Հայաստանում կան կարծիքներ են, թե յուրաքանչյուր զինվոր գրպանում պետք է ունենա մեկ նռնակ, որի օղակը պետք է քաշել, երբ արդեն անհնարին է դառնում պայքարել թշնամու դեմ ու գերությունից խուսափելու շանսեր չկան։ Գերության մեջ հայտնված զինվորներից մեկը Բաքվի ճանապարհին փորձել է նման քայլի դիմել՝ պատկերացնելով այն ֆիզիկական և հոգեբանական ճնշումները, որոնց միջոց պետք է անցներ թշնամական պետությունում։ Պատմում է, որ վերջին պահին հրաժարվել է օղակը քաշել, քանի որ իր հետ գերության մեջ հայտնված երկու զինվորները ցանկացել են ապրել․ հետո նա մտածել է իր և իր ծառայակիցների ընտանիքների ապրումների մասին։
«Միակ հնարավոր տարբերակը գերության մեջ չհայտնվելու ինքնասպան լինելն էր։ Իրավիճակն այնպիսին էր, որ միայն ես էի զենքով, իմ հետի երկու հոգին զենքերն արդեն վայր էին դրել՝ թշնամու դիպուկահարի հրամանով։ Կոպիտ ասած իմ ձեռքերում էր երեքիս կյանքն էլ։ Այդ ընթացքում ես հասցրեցի մտածել ընտանիքիս, հարազատներիս մասին, մինչև վերջ չէի կողմնորոշվում, թե ես ինչ պետք է անեմ, մեռնելն այդ պահին անհամեմատ հեշտ է, քան ապրելը, որովհետև ապրելու որոշում կայացնելով չգիտես, թե ինչ փորձությունների միջով կանցնես։ Գերության մեջ հայտնվել ենք երկու օր շրջափակման մեջ լինելուց հետո, պատերազմին մասնակցել ենք, թշնամուն կորուստ ենք տվել՝ ամենքս 4-5 հոգու կյանք ենք խլել և նահանջի ճանապարհին ենք գերության մեջ հայտնվել»,-պատմում է զինծառայողը։