Անդրեասյանի առաջին որոշումն է, փորձում է ասել՝ ինչ ուզեմ, կանեմ. Մելիքյանը՝ դատավոր Փիլոսյանի վերաբերյալ որոշման մասին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները դադարեցնելն ակնհայտ քաղաքական հետապնդում է իմ նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աննա Փիլոսյանի ամուսինը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Սա Կարեն Անդրեասյանի առաջին որոշումն է, փորձում է ասել՝ ինչ ուզեմ, կանեմ։ Բոլորս էլ գիտենք, որ այն մարդիկ, որոնք ինչ ուզեն, անում են, լավ չեն վերջացնում։ Որոշմանը կողմ քվեարկած ԲԴԽ անդամներից մեկը ժամանակին հատուկ կարծիք էր գրել, որտեղ ասվում էր, որ քանի որ մարդն առաջին անգամ է ենթարկվում կարգապահական պատասխանատվության, ես կարծում եմ՝ պետք է լինի ոչ թե խիստ նկատողություն, այլ սովորական նկատողություն, հիմա այդ անդամը կողմ է քվեարկում այդ որոշմանը»,- նշեց Մելիքյանը։
Նա նշեց, որ դատավոր Աննա Փիլոսյանը 2021 թվականին ունեցել է 5 հազար գործի ծանրաբեռնվածություն. «Այսինքն՝ մեկ դատավորը մեկ տարվա ընթացքում այսքան գործ պետք է կառավարեր։ Ինչպե՞ս կարելի էր վերցնել 5 հազար գործից 4-ը եւ ասել՝ դու ուշացրել ես, այն դեպքում, երբ դա համատարած է։ Ոչ մեկ չի մտածել, որ սա կարող է կարգապահական պատասխանատվության առիթ հանդիսանալ»։
Մելիքյանն ասաց, որ կարգապահական վարույթը նախաձեռնվել է ֆեյսբուքյան գրառումը լրատվական տանելու ճանապարհով. «Մենք հարցում էինք արել. փաստորեն 2022 թվականին ընդամենը երկու զեկուցագիր է կազմվել լրատվականների հիման վրա։ Մեր համոզմամբ, այնքան շատ են լրատվամիջոցներում հաղորդումները կամ իրական, կամ ոչ իրական խախտումների մասին, որ այդ երկուսն ուղղակի ծիծաղելի թիվ է։ Մեր պատկերացմամբ՝ սա խոսում է խտրականության մասին»։
Հիշեցնենք, որ Փիլոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարարի պաշտոնում Անդրեասյանին փոխարինած Գրիգոր Մինասյանը։ Ըստ միջնորդության՝ չորս քաղաքացիական գործերով վճիռները հրապարակվել ու հայցվորներին են ներկայացվել 2 տարի ուշացումով։ Այս միջնորդությունը դատավորի դեմ կարգապահական 5-րդ վարույթն էր, նախորդ 4-ը մերժվել կամ կարճվել էին։
Մանրամասները՝ տեսանյութում