Նորություններ

16 օր շրջափակման մեջ… «90-ականներին մեր թիկունքում իշխանություն է եղել, գոնե հույս է եղել, բայց այսօր պառակտված ենք»

Արցախը շարունակում է մնալ շրջափակված, արդեն 16 օր կյանքի ճանապարհը փակ է: Արցախցի մեր գործընկերները ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեցին, որ միրգ-բանջարեղեն արդեն մեկ շաբաթ դժվար է գտնել Արցախում: Շատ խանութներ փակվել են, առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ այլեւս չկան՝ ձեթ, ալյուր, բրինձ:

Մակարոնեղենի քիչ տեսակներ են մնացել, հիմնականում ավելի թանկարժեք տեսականին: Խանութներում դեռ հնարավոր է գտնել պահածո եւ քաղցրավենիք: Ձվի եւ հավի մսի համար հերթեր են:

Դեղատներում մանկական սննդի, տակդիրների  եւ դեղերի պակաս եւս կա: Մարդիկ մտահոգ են, բայց ոչ խուճապահար: Կյանքը բնականոն հունով շարունակվում է. դպրոցներում ամանօրյա միջոցառումներ են, դրսում ամեն մեկն իր գործով է զբաղված: Անգամ շինարարությունը չի կանգնել:

Հայաստանցիների հարցադրումներին ի պատասխան իրենք են հուսադրում՝ ամեն ինչ լավ է լինելու:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը նշեց՝ Արցախում կան արդեն մանկապարտեզներ, որոնք դադարեցնում են գործունեությունը: Սա նաեւ կապում է սննդի պակասի հետ:

«Կարելի է ասել, որ խուճապ չկա: Մարդիկ անընդհատ հարցադրում են, մտածում են, թե երբ կբացվի ճանապարհը, ինչ կլինի, ոնց կլինի: Հայաստանից տրանսպորտ չի գալիս, սննդամթերք չի բերվում, դա է խնդիրը…Բայց մարդիկ նաեւ մարտական են տրամադրված, չկան այնպիսիք, որ մտածեն փախչելու, դուրս գալու մասին: Ճիշտ հակառակը, պետք է մնանք եւ մեր մնալով պիտի պայքարենք»:

Արծվիկ Սարգսյանը հիշեց՝ վիճակը նույնն էր նաեւ 90-ականներին, երբ կրկին փակ էր Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, բայց տարբերությունն, ըստ նրա, այն էր, որ արցախցիները զգում էին ՀՀ իշխանությունների աջակցությունը:

«Այսօր, որ լսում ենք ինչ հայտարարություններ են անում… երեկ, օրինակ, պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, կամ Աննա Հակոբյանի հայտարարությունները… Սա՛ է, որ կարող է արցախցուն մի քիչ կոտրել, ընկճել, չնայած արդեն իմունիտետ ունեն, որ մեկ ա, դրանք թուրքի ջրաղացին ջուր լցնողներ են: 90-ականներին մեր թիկունքում իշխանություն է եղել, գոնե հույս է եղել, բայց այսօր պառակտված ենք, ազգն է պառակտված, որը մեզ պարտության է տանում:

Սնունդը ոչինչ, կդիմանանք, մարդիկ պահեստավորած ինչ-որ բաներ ունեն, դեղ-դեղորայք բերում են Կարմիր խաչի ջանքերով, ուղղակի մեր ազգի պառակտիչները պետք է վերանան»:

Միջազգային կառույցները բավարար ճնշումներ չեն գործադրում, որովհետեւ Ադրբեջանի նավթն այս պահին նրանց համար ավելի կարեւոր է, ընդգծեց Շուշիի նախկին քաղաքապետը: Հանգուցալուծման միակ տարբերակ համարում է ուժի ցուցադրությունը, հզորանալը:

«Պետք է այլ քայլեր մտածել, որ սրանց մռութին խփվի: Երբ բռունցք են ցույց տալիս իրենք, էդ բռունցքը պետք է խփվի գլուխներին, որ իմանան: Թե չէ մեր ազգին այս կերպ ավելի ընկճում են: Նայում եմ կադրերը, թե ոնց էր Վազգեն Սարգսյանը մահապարտների ջոկատ հավաքում, ինչ կամք ու վճռականություն կար… Հիմա չկա»:

Անդրադառնալով ՀՀ  ԱԽ քարտուղարի հայտարարությանը, թե ՌԴ-ից կա ճնշում, որ Հայաստանն Ադրբեջանին միջանցք տրամադրի եւ անդամակցի Միութենական պետությանը, Ա. Սարգսյանը նշեց.

«Ճնշումներ միշտ են եղել, բայց ճնշողների դիմաց մարդ պետք է կանգնած լինի, որ չճնշվի, իր ասելիքն ասի: 30 տարի չե՞ն ճնշել, շատ են ճնշել: Ալիեւը չէ՞ր ասում, որ փակ դռների հետևում իրենց ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, կամ Հեյդար Ալիեւը չէ՞ր ասում, որ Ղարաբաղից ձեռք քաշեք, այն արդեն Հայաստանինն է, մերը չէ: Ես այն ժամանակ բանակցությունների էլ եմ մասնակցել, գիտեմ:

Թե չէ այսօր գնում են գլուխները կախ վիճակում կանգնում են: Տպավորություն կա, որ մերոնք են այսօր շահագրգռված… հայկական գյուղերի անունները թուրքական են ասում՝ Էյվազլի ու չգիտեմ ինչեր: Ինչ որ թուրքը պետք է ասի, հայն է ասում իր բերանով»:

 

Արմենուհի Վարդանյան

Ֆոտոշարքը՝ Արեւ Դանիելյանի

Back to top button