ՆորություններՏնտեսական

Գյումրիի հաջորդ տարվա բյուջեն նվազել է. սեփական եկամուտների հավաքագրումները պակասելու են

Գյումրիի ավագանու արտահերթ նիստի ժամանակ հաստատվեց համայնքի 2023 թվականի բյուջեն: Քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնելիս Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը հայտնեց, որ պետբյուջեից համայնքին հատկացվող դոտացիան հաջորդ տարի 2022-ի համեմատ պակասելու է 208 մլն դրամով և կազմելու է 2 մլրդ 588 մլն 500 հազար դրամ, իսկ քաղաքի ընդհանուր բյուջեն կնվազի 677 մլն դրամով և կկազմի 4 մլրդ 491 մլն դրամ: Դոտացիայի պակասելը պայմանավորված է նաև բնակիչների թվի նվազմամբ: 2023 թվականի համար համայնքապետարանը սեփական եկամուտների հավաքագրումը ոչ թե ավելացրել, այլ պակասեցրել է՝ մոտ 12 մլն դրամով:

Լենա Ջիլավյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ սեփական եկամուտների հավաքագրումը շատ է դժվարացել՝ պայմանավորված անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ներդրմամբ: Քաղաքացիները, ըստ նրա, դժվարանում են վճարումներ կատարել, երբ համայնքապետարանի գործակալները նրանց չեն այցելում: Մյուս կողմից էլ՝ անկանխիկ վճարման դեպքում միջնորդավճար է գանձվում, ինչը նույնպես ձեռնտու չէ հարկ վճարողին:

Գյումրիի քաղաքապետարանը սեփական եկամուտներն այս տարի հավաքագրել է 95,8 տոկոսով: Սա լավ ցուցանիշ է, բայց այն դեռ ցածր է մինչ 2020 թվականի ցուցանիշից:

Լենա Ջիլավյանը նշեց նաև, որ Գյումրիի համայնքային բյուջեի ծախսերն ավելացել են, նախ այն պատճառով, որ 2023 թվականին 50 տոկոսով նվազեցվել են Գյումրիում հաշվառված և  մանկապարտեզներ հաճախող երեխաների վարձավճարները. 8000 դրամից դարձել է 4000 դրամ: Ծնողների փոխարեն վարձավճարների կեսը կմուծի քաղաքապետարանը, ինչը տեղական բյուջեից կպահանջի 103 մլն դրամ: Բացի այդ, 2023 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 68.000 դրամի փոխարեն սահմանվելու է 75.000 դրամ: Կառավարության այս որոշմամբ պայմանավորված՝ համայնքային ենթակայության հաստատությունների աշխատողների աշխատավարձերը ևս բարձրացվելու են, ինչը տեղական բյուջեից լրացուցիչ ծախսեր է պահանջելու:

Գյումրիի ավագանին կողմ քվեարկեց նաև Արցախյան պատերազմում զոհված, անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքներին, նաև Հայրենական մեծ պատերազմի 2 վետերաններին, 1956 թվականի Հունգարիայի հեղաշրջման և Աֆղանստանի պատերազմի մասնակիցներին դրամական աջակցություն ցուցաբերելուն վերաբերող որոշմանը:

 

Կարինե Կազարովա

 

 

Back to top button