ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Շրջափակված Արցախն ու տապալված երկխոսությունն ադրբեջանցի պաշտոնակցի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ «Կարեւորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարեց, որ ՀՀ դիվանագիտական աշխատանքի առումով ջանքերի պակաս չի տեսնում, սակայն պետք է ի նկատի ունենալ, որ ստեղծված իրավիճակը երկարատեւ աշխատանք է պահանջելու:

«Չպետք է հոգնել, հուսահատվել, չպետք է ասել՝ սա չի աշխատում, պետք է շարունակաբար գնալ առաջ, որովհետեւ սա միակ արդյունավետ ճանապարհն է»,-նշեց Գրիգորյանը:

Առիթ ունեցել է եվրոպացի պաշտոնյաներին ուղիղ հարցնելու, թե ինչու՞ Ադրբեջանի նկատմամբ չեն կիրառվում պատժամիջոցներ:

«Դե, բնականաբար, մեր միջազգային գործընկերները միշտ ասում են, որ դա միայն ԵՄ կոլեկտիվ որոշումը չէ, որ անդամ պետություններն էլ պետք է համաձայնեն, ինչը ճիշտ է ըստ իրենց ընթացակարգի, բայց նաեւ մի կարեւոր շեշտադրում էին անում, որ պատժամիջոցները կընկալվեն բանակցությունների կամ միջնորդության վերջ: Իրենք համարում են, որ սանկցիաները վերջ կդնեն եւ՛ խնդրի կարգավորման ուղղությամբ իրենց դերին, եւ՛ հետագա բոլոր հնարավորություններին»,-ավելացրեց ՀՀ ՄԻՊ-ը:

Անդրադառնալով հարցին, թե ճի՞շտ էր որոշումը՝ չմասնակցել արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը (ՀՀ, ՌԴ, Ադրբեջան), ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշեց. «Ես՝ որպես մասնագետ, հայտարարությունը կարդացել եմ հետեւյալ տրամաբանությամբ, որ մենք չենք կարող երկխոսության մեջ մտնել, երբ որ մեր նկատմամբ նման շանտաժի եւ տեռորի քաղաքականություն է: Երկխոսող կողմերը պետք է ջանք գործադրեն երկխոսության միջավայր ստեղծելու համար: Եթե դու անընդհատ կրակում ես ինձ վրա, ես չեմ կարող այդ ընթացքում քեզ հետ խոսել»:

Անդրադառնալով հարցին, թե փորձեր արվե՞լ են այս ընթացում Արցախում ստեղծված իրավիճակը ներկայացնել ադրբեջանցի իր պաշտոնակցին, Քրիստիննե Գրիգորյանը նշեց, որ իր ընտրությունից հետո առաջնահերթություն է եղել երկխոսության եզրեր գտնելը, բայց ապարդյուն:

Back to top button