Նորություններ
Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրավվածության նոր փուլ է սկսում. Ժոզեպ Բորել

Եվրամիությունը մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորինգի խմբի գործունեության ավարտից հետո։ Այս մասին այսօր հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով` Եվրամիության 40–հոգանոց անզեն առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանին, արդյունավետ է եղել և «նպաստել է անկայուն իրավիճակում վստահության ձևավորմանը»։
«Եվրամիությունը Հարավային Կովկասում իր ներգրավվածության նոր փուլ է սկսում՝ նոր, անցումային թիմով, որը հիմքեր կստեղծի Հայաստանում հնարավոր առավել երկար ժամկետով ԵՄ առաքելության տեղակայման համար», — Բորելի խոսքերը մեջբերել է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։
Այս համատեքստում դիվանագետը նշել է, որ Եվրոպական խորհուրդը, Հայաստանի իշխանությունների համաձայնությամբ, որոշել է Վրաստանում գործող ԵՄ դիտորդական առաքելությունից անցումային, պլանավորման աջակցության թիմ տեղակայել Հայաստանում՝ մեծացնելու անվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը և նպաստելու նոր քաղաքացիական առաքելության ծրագրմանն ու նախապատրաստմանը։
Ակնկալվում է, որ անցումային թիմը կաջակցի նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորումը խթանելու գործընթացում։