Տնտեսական

ՀՀ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին աղքատ է

Համաձայն ՀՀ կառավարության 2013թ-ի զարգացման պետական ծրագրի` 5 տարիների ընթացքում 100 հզր աշխատատեղ պետք է ստեղծվի: Սա, ըստ ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանի, էական դեր չի խաղա մի երկրում, ուր աղքատությունը բարձր ցուցանիշ ունի:

«Ավելի քան 35տոկոս աղքատության ցուցանիշ. դա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր 3-րդ քաղաքացին աղքատ է, եւ եթե վերցնենք բնակչության պաշտոնական թիվը, կնշանակի` մոտ 240 հզր ընտանիք աղքատ է Հայաստանում»,-նշում է Գործատուների միության նախագահը`ավելացնելով. «Աղքատության վերացման համար յուրաքանչյուր ընտանիքից առնվազն 2 մարդ պետք է աշխատանքով ապահովված լինի: Եթե նրանցից շուրջ 50 հազարը դուրս գա աղքատությունից, կմնա եւս 190 հզր աղքատ ընտանիք Հայաստանում »:

Անցած տարվա համեմատ` գործազրկության ցուցանիշները նվազել են, բայց սա նաեւ միգրացիայի հետեւանք է, չի բացառում Գագիկ Մակարյանը: «Այսօր շատերը մեկնում են հատկապես Ռուսաստան, մի մասը միանում է Եվրոպայում իր ընտանիքին, նրանք, ովքեր տարիներ շարունակ աշխատանք են որոնում` հատկապես երիտասարդները, դուրս են գնում»,-նշում է Գագիկ Մակարյանը:

Միգրացիայի կանխման ու գործազրկության նվազման լավագույն ելքը Գործատուների միության նախագահը համարում է տնտեսության աշխուժացումը փոքր եւ միջին բիզնեսի խթանման եղանակով: Այլ երկրներում միկրոբիզնեսի խթանման համար տալիս են արտոնություններ կամ շատ փոքր հարկային բեռ, որպեսզի նրանք իրենց սոցիալական խնդիրը լուծեն` նշում է Գագիկ Մակարյանը:

«Նման փորձ մեր երկրում չկա, այսօր եկել ենք այն վիճակին, որ միկրոբիզնեսները հազիվ քարշ են տալիս իրենց գոյությունը, այսինքն` մենք անունը դրել ենք բիզնես, բայց ինքը եկամուտ չունենալով` իրականում աղքատության մեջ գտնվող բիզնես է:

Իսկ ինչ է նշանակում աղքատ բիզնես. բիզնեսը չի կարող աղքատության մեջ գործել»,-եզրակացնում է Գագիկ Մակարյանը:

Գործատուների միության նախագահը պատրաստվում է դիմել համապատասխան կառույցներին փոքր բիզնեսին արտոնություններ տրամադրելու հարցով: Իսկ փոքր ձեռնարկատիրությունը հարկերից ազատելու եղանակը համարում է այն, որ պետությունը այն դիտարկի ոչ թե որպես բիզնես, այլ որպես սոցիալական ծրագիր, որն օգնության կարիք ունի:

Վարդուհի Արզումանյան

Back to top button