Այն, ինչ տեղի է ունենում Լաչինի միջանցքում, միանշանակ Ռուսաստանի դեմ է և բխում է Արևմուտքի շահերից. Արմեն Պետրոսյան

Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակին:
«Պատճառը պատերազմն է և դրա հետևանքները: Մենք այսօր ականատեսն ենք 44-օրյա պատերազմի շարունակությանը, բայց այլ հարթություններում: Պարզապես գործընթացները մի փոքր ավելի արագացել են՝ պայմանավորված աշխարհաքաղաքական իրավիճակով: Այսօր Ադրբեջանն, ունենալով Թուրքիայի լայն աջակցությունը եւ միջազգային «բարենպաստ» իրավիճակը, փորձում է հնարավորինս արագ ի կատար ածել այն ծրագրերը, որոնք հնարավոր չեղան իրականացնել պատերազմի արդյունքում՝ Արցախի հարցի լուծում և Սյունիքով ճանապարհ՝ բացառապես իրենց վերահսկողության տակ գտնվող»,-հայտնեց փորձագետը:
Նրա կարծիքով շատ ավելի բարձր կարգի քաղաքական խաղ է ընթանում, որը բխում է Արևմուտքի շահերից և դեմ է Ռուսաստանին:
«Եթե նայում ենք գլոբալ զարգացումներին, արևմտյան խաղացողները փորձում են Ռուսաստանին դուրս մղել կովկասյան տարածաշրջանից, իսկ Ադրբեջանի գործողություններն այսօր հենց դրան են միտված՝ խաղաղապահների և Ռուսաստանի գործողությունների խոչընդոտումը, նման քայլերով Ռուսաստանի հեղինակության ոտնահարումը…նման քայլերն ուղիղ կերպով ուղղված են Ռուսաստանի դեմ և պետք է առաջացնեն Ռուսաստանի հակազդեցությունը»:
Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ այս օրերին դեռեւս Ալիեւը ոչինչ չի խոսել, և եթե նա էլ անդրադառնա, սա անգամ նոր պատերազմի կարող է հանգեցնել:
«Սա շատ բարձր մակարդակի քաղաքական խաղ է: Եթե Ալիևի մակարդակով խնդիրը բարձրաձայնվի, նշանակում է, որ խաղադրույքները շատ են բարձրանում»: