Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության մասով հիմնականում հետընթաց է գրանցել. փորձագետներ

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության մասով հիմնականում հետընթաց է գրանցել, հայտարարեցին փաստաբաններն ու իրավապաշտպանները Գյումրիի Երկխոսության Մեդիա կենտրոնում անցկացված քննարկման ժամանակ:
Փաստաբան Թամարա Յայլոյանի հավաստմամբ՝ հետընթացը նախ պայմանավորված է դատական համակարգի անհասանելիությամբ:
«Մարդու իրավունքների վերականգնման օղակը դատարանն է, որը քաղաքացիներին հասանելի չէ, քանի որ պետտուրքերը բավականին բարձր են»,-նշեց Թամարա Յայլոյանը:
«Նաև գործերի քննությունն է երկար տևում դատարաններում, քաղաքացիները հոգնում են իրավունքի պաշտպանությանը սպասելուց: Բացի դրանից, օրենսդրական փոփոխությունները կոչված են արդարադատությունն ավելի լավը դարձնելուն, բայց ամեն փոփոխությունից հետո ամեն ինչ դեպի վատն է դառնում: Օրինակ, ապացուցման պրոցեսները պետք է ավելի կարճ տևեն: Քրեական օրենսգրքում բավականին մեծ բացեր կան, դատավարության ընթացքում դատավորներն ասում են. « Ոչինչ, թող գործը վճռաբեկ դատարան հասնի, կհստակեցնեն»: Բայց ինչու՞ պետք է ամբաստանյալն այդքան ժամանակ կալանքի տակ մնա»,-ավելացրեց փաստաբանը:
Ըստ նրա, նաև ամբաստանյալների իրավունքներն են ոտնահարվում, քանի որ դատարանները պատիժներից հիմնականում նախընտրում են կալանքը, որով նաև անմեղության կանխավարկածն է խախտվում:
Փաստաբան Ռիմա Կոշտոյանն էլ նշեց, որ մարդկանց իրավունքները չեն պաշտպանվում հիմնականում պետաիրավական համակարգի կողմից: Ըստ նրա, հիմա վարչական դատարանում ավելի շատ գործեր են քննվում, քան առաջին ատյանի դատարանում: Շատ են կենսաթոշակային խնդիրները, նաև 44 օրյա պատերազմին մասնակցած շատ երիտասարդներ, ովքեր իրենց կյանքն են վտանգել, զրկվում են թոշակ ստանալու իրավունքից՝ զուտ փաստաթղթային ձևականությունների պատճառով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Քրիստինե Առաքելյանն էլ նշեց, որ առաջնային են սոցիալական բնույթի իրավախախտումները, մասնավորապես, թոշակների բարձրացման հետևանքով քաղաքացու ընտանեկան նպաստից զրկվելը կամ միանվագ աջակցությունը ոչ թե ամբողջ տարին, այլ ընդամենը 3 ամիս վճարելը:
Ըստ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի մարզային մասնաճյուղի իրավաբան Հերմինե Հովհաննիսյանի՝ իրավունքները ոտնահարվում են ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր կառույցների կողմից: Նրա խոսքով՝ վարորդներից են ստանում նաև բողոքներ այն մասին, որ պարեկների տուգանելուց հետո, երբ ծանուցագրեր են ստանում, այդ ժամանակ են միայն պարզում, որ իրականում ոչ թե 1, այլ 2-3 խախտում է արձանագրել պարեկը, ինչի մասին իրենք տեղեկացված չեն եղել:
Վերջին տարիներին ակնհայտ առաջընթացը, որ երկրում գրանցվել է, ըստ բանախոսների, եղել է ընտրական իրավունքի ոլորտում: Ընտրությունները թեև կատարյալ չեն, բայց նախկին ահագնացող խախտումները չկան:
Ըստ բանախոսների՝ իրավունքների խախտումները նվազեցնելու համար ոչ միայն օրենսդրական փոփոխություններ են պետք, այլ նաև դրանք կիրառելու վճռականություն:
Կարինե Կազարովա