Նորություններ

Բերձորցի ուսուցչուհին իր առաքելությունը շարունակում է Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի դպրոցում

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ծրագրով Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցում Լիլիթ Խաչատրյանը ֆիզկուլտուրայի ուսուցիչ է աշխատում:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լիլիթ Խաչատրյանը, ով Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում է մեծացել, պատմեց, որ 2019 թվականին «Դասավանդի՛ր Հայաստան» ծրագրի շրջանակներում գործուղվել և 1 տարի դասավանդել է Այգեհովիտ գյուղում։

«44-օրյա պատերազմի հետևանքով ես ստիպված է հրաժեշտ տալ իմ առաջին աշակերտներին, Քաշաթաղին: Այնուհետև գործուղվեցի Ասկերանի շրջանի Խնապատ համայնք որպես «Դասավանդի՛ր Հայաստան»-ի ուսուցիչ-առաջնորդ: Երեխաների հետ աշխատելն ինքնին առաքելություն է։ Արցախի համար այս ծանր օրերին երեխաները ավելի քան ունեն սիրո կարիք, որը կխլացնի նրանց ապրած ցավը»,-հավելել է Լ. Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ «Դասավանդի՛ր Հայաստան»-ը հնարավորություն է տալիս համայքներում ունենալ աշակերտ — առաջնորդներ, ովքեր զարգացնելով իրենց քաղաքացիական պատասխանատվությունը, համայնքներում կբերեն փոփոխություններ, որոնք պարտադիր կրթական բաղադրիչ կունենան։

«Եթե ավելի հստակեցնեմ ծրագիրը կոչվում է փոփոխության վրա հիմնված ուսումնառութուն։ Այստեղ հիմնականում աշխատում է աշակերտական խումբը, համայնքի կարիքներից առանձնացնելով «Մեծ գաղափար» , ապա որոշակի փուլեր անցնելով, ուսուցչի ուղղորդմամբ իրականացնում են այն։ Մասնավորապես, Խնապատում անցած տարի «Արվեստանոց-ընթերցասրահ» ծրագիրն էինք կազմվել, որը վերջնական փուլ էր հասել, բայց տարածքի խնդրի պատճառով չիրականացավ։ Այդուհանդերձ, ընկերներիս օգնությամբ Երևանից քարտեզներ և արտասահմանյան և հայ գրականության հայտնի գրողների նոր գրքերից ենք ձեռք բերել, որոնք մեր ընթերցասրահի մաս են կազմում։ Օրեր առաջ «Դասավանդի՛ր Հայաստան»-ի կողմից մեր և մյուս գործընկեր դպրոցները պրոյեկտր նվեր ստացան։ Մտածում եմ, եթե հետագայում դպրոցը վերանորոգվի և սենյակ հատկացվի՝ ծրագիրն ինքնըստինքյան իրականացված կարելի է համարել»,-ասել է մեր զրուցակիցը։

Ուսուցիչ-առանջնորդն ակնկալում է, որ իր ներդրումը կունենա, որպեսզի աշակերտները բացահայտեն իրենց ներուժը, դպրոցն ավարտելուց հետո էլ կարողանան գնալ իրենց երազանքի հետևից, դառնան լավ մասնագետներ և Արցախի իրավունքների պահանջատերը լինեն։

Back to top button