Երևանում քույր ու եղբայր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. կասկածյալներից մեկին պարեկները վնասազերծել են

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 18-ամյա Հայկ Ա․-ն է և 20-ամյա Միլենա Ա․-ն։
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներն ու ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները Նորագավիթի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքից ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ 29-ամյա Ստեփան Պ․-ին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս և նրա եղբայրը՝ Երևանի բնակիչ 32-ամյա Սերգեյ Պ․-ն, և ևս մի քանի հոգի ծեծի են ենթարկել նշած անձանց, ապա դիմել փախուստի։ Սակայն Շենգավիթի ոստիկաններին ու Երևանի գնդի պարեկներին հաջողվել է Ստեփան Պ․-ին բռնել և տեղափոխել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Վերջինս այնուհետև ոստիկանությունից ներկայացվել է Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները քույր ու եղբայր են և հեծանիվով անցնելիս են եղել, երբ պատահաբար, ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ կպել է ծեծողներից մեկին, ով էլ մի կաթի մեղրի պատմություն հիշեցնող իրավիճակ է ստեղծել։
Քննչական բաժին ներկայացված Ստեփան Պ․-ն և որոնվող Սերգեյ Պ․-ն հարազատ եղբայրներ են։
Դեպքի վայրում հայտնաբերվել է տուժողի հեծանիվը և այլ կասկածելի իրեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։