Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Նվեր Գյումրիին՝ Տվերից. ցուցադրվեցին 15-րդ դարի ռուս վաճառականի ճամփորդությունը պատկերող մանրանկարները

Գյումրիի համայնքային ցուցասրահում բացվել է ՌԴ ժողովրդական նկարիչ, տվերցի մանրանկարիչ Լյուդմիլա Յուգայի 18 գործերի ցուցահանդեսը: Դրանք նվիրված են 15-րդ դարի ռուս գրող, տվերցի գրող, վաճառական Աֆանասի Նիկիտինի ճամփորդությանը։

«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանը ԳԱԼԱ-ին հայտնեց, որ Գյումրին և Տվերը 2022 թվականի հուլիսին հուշագիր են ստորագրել քույր քաղաքներ հռչակվելու մասին, ու համագործակցության ծրագրեր ունեն:

Առաջինը թերևս Լյուդմիլա Յուգայի աշխատանքների ցուցադրությունն է: Հեղինակն իր աշխատանքները նվիրել է  Գյումրիին: Մանրանկարներում ներկայացված է Աֆանասի Նիկիտինի ճամփորդությանը նվիրված հուշապատումը, որը կրում է «Նավարկություն 3 ծովերով» խորագիրը:

Լյուդմիլա Յուգան Ռուսաստանի նկարիչների միության և Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամ է:

15-րդ դարի ճանապարհորդ, վաճառական Նիկիտինը հենց ինքն էլ գրի է առել իր ճամփորդությունը, եղել է մի շարք քաղաքներում, տեսել ու ծանոթացել այդ բնակավայրերի մշակույթներին:

«Մենք գիտնականներով պրպտեցինք ու համացանցից կարողացանք գտնել այդ ժամանակների քարտեզ, որը ևս ներկայացված է ցուցադրության մեջ: Ուշագրավ է այն, որ 15-րդ դարի քարտեզում չկա Ադրբեջան բառը, այստեղ կա Իրանական սարահարթ, և այդ հուշապատման հատվածներում կտեսնեք, որ Շիրվանի շահերն են այստեղ կառավարել, որոնք պարսկական ծագում ունեն, այսինքն, այս ամբողջ տարածքները 15-րդ դարում պատկանել են պարսկական արքայատոհմին»,-ընդգծեց Ինգա Ավագյանը:

Ըստ նրա, Աֆանասի Նիկիտինն իր գրքում հայերի մասին հիշատակումներ չունի, բայց պատմում է Ղրիմի Կաֆա քաղաքի մասին, որի հիմնադրման գործում մեծ է եղել հայերի ներդրումը:

«Այս քաղաքի զարգացման գործում մեծ է դերը այն վաճառական հայերի, որոնք սուրճի վաճառքով են զբաղվել, իսկ Կաֆա նշանակում  է «կոֆե՝ սուրճ»,-ավելացրեց թանգարանի տնօրենը:

Ղրիմում հայկական մեծ սփյուռք է եղել, հայերը եկեղեցի են կառուցել ու զարգացրել թերակղզու մշակույթը:

Մանրանկարները ցուցադրությունից հետո կմնան «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆոնդերում:

Ի դեպ, ըստ տնօրենի, թանգարանը Տվերից հյուրերի հաճախ է ընդունում, ովքեր շատ են հետաքրքրված հին հայկական մշակույթով:

Կարինե Կազարովա

Back to top button