ԱԱ-2022. Պորտուգալիան ջախջախեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի վերջին խաղում Պորտուգալիայի հավաքականը 6-1 հաշվով հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
17-րդ րոպեին խաղի հաշիվը գեղեցիկ հարվածով բացեց Լիսաբոնի «Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը, որն առաջին անգամ էր ընդգրկվել պորտուգալացիների մեկնարկային կազմում: Ռամուշը հիմնական կազմում խաղադաշտ էր դուրս եկել թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն:
Պորտուգալիայի հավաքականի կազմում 33-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց կենտրոնական պաշտպան Պեպեն: 51-րդ րոպեին Ռամուշը դարձավ դուբլի հեղինակ, իսկ չորս րոպե անց օգնեց հաջողության հասնել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուին, որը հաշիվը դարձրեց 4-0:
Գերեյրուի գոլից ընդամենը երեք րոպե անց շվեյցարացիների կազմում հաշիվը «թրջեց» անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին:
Հանդիպման 67-րդ րոպեին հեթ-տրիկ ձևակերպեց Գոնսալու Ռամուշը, իսկ ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Գերեյրուի փոխանցումից հետո խաղի վերջակետը դրեց իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն՝ 6-1:
ԱԱ-2022, 1/8 եզրափակիչ
Պորտուգալիա — Շվեյցարիա՝ 6-1 (տեսանյութ)