ՄիջազգայինՆորություններ

Միջազգային արձագանքները Իրաքում և Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողություններին

Նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական:

Այս համատեքստում Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ սկսել Իրաքի հյուսիսում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ: Մի շարք ընդդիմադիր թուրք և օտարերկրյա փորձագետների կարծիքով հերթական անգամ Թուրքիան փորձ է անում «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով ավարտին հասցնել Սիրիայի հյուսիսի մի հատվածի օկուպացումը և թուլացնել Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերը: Մի հատվածն էլ կարծում է, որ Թուրքիայի գործողությունները «լիովին արդարացված են»:

Մինչ այս պահը Թուրքիան Սիրիայի տարածքում վերջին տարիներին  մի քանի խոշոր ռազմական գործողություններ է իրականացրել քուրդ զինյալների դեմ, որոնց հետևանքով Սիրիայի քրդերի վերահսկողության տակ եղած տարածքներն անցել են Թուրքիայի բանակի և վերջինիս կողմից աջակցություն վայելող սիրիական ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ:

Իրաքի հյուսիսային շրջաններում նույնպես Անկարան պարբերաբար ռազմական գործողություններ է իրականացրել նախկինում: Մասնավորապես, Թուրքիայի օդուժը պարբերաբար օդային հարվածներ է հասցրել նշված հատվածում, որտեղ ըստ թուրքական մամուլի՝ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան՝ Քանդիլը:

Արձագանքներն, ըստ էության, տարբեր էին և առկա էին  ոչ միանշանակ գնահատականներ:

Առաջինն արձագանքեց Ռուսաստանի Դաշնությունը: Մասնավորապես Սիրիայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը Աստանայի ձևաչափով 19-րդ հանդիպման ժամանակ խոսելով թեմայի շուրջ կոչ արեց Թուրքիային զսպվածություն ցուցաբերել, նշելով.

«Կոչ ենք անում թուրք գործընկերներին որոշակի զսպվածություն ցուցաբերել լարվածության հետագա էսկալացիայից խուսափելու համար ոչ միայն հյուսիսային և հյուսիսարևելյան Սիրիայում, այլև ամբողջ երկրում»,- ասել էր Լավրենտևը հանդիպման սկզբում:

Սպիտակ տունն էլ տարբեր կերպ արձագանքեց  Թուրքիայի զինված ուժերի նոր ռազմական գործողություններին Իրաքում և Սիրիայում քուրդ զինյալների դեմ:

Մասնավորապես, Սպիտակ տան ազգային անվտանգության և ռազմավարական հարցերի համակարգող Ջոն Քիրբին նշել էր.

«Թուրքիան շարունակում է բախվել ահաբեկչական սպառնալիքի հետ, հատկապես երկրի հարավում։ Իհարկե, նրանք բոլոր իրավունքներն ունեն պաշտպանելու իրենց», ապա հավելեց, որ, այնուամենայնիվ, այս գործողությունները կարող են սահմանափակել Սիրիայի քրդական ուժերի կարողությունները ԻՊ-ի դեմ պայքարում»:

Իսկ ահա Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիեռը մի կողմից կոչ էր արել կողմերին զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել կրակը, մյուս կողմից  նշել, որ գործողությունները կարող են բացասաբար ազդել ԻՊ-ի դեմ պայքարի վրա:

ԱՄՆ-ից հարցին արձագանքեց նաև Պենտագոնը՝ հանդես գալով գրեթե նույնաբովանդակ հայտարարությամբ և հավելելով, որ, թեև անվտանգային նկատառումներից ելնելով՝ Վաշինգտոնը նվազեցրել է Սիրիայում ամերիկյան զինանձնակազմի պարեկապահակային ծառայությունը, այնուամենայնիվ, ամերիկյան զորքերը դուրս չեն եկել Սիրիայից:

Միևնույն ժամանակ  Պենտագոնի հայտարության մեջ նշված էր, որ ամերիկյան զինանձնակազմը տարհանվել է այն վայրերից, որտեղ Թուրքիայի օդային ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում:

Հարցին անդրադարձավ նաև Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավար Կատրին Կոլոննան, նշելով, որ Փարիզը հասկանում է Թուրքիայի մտահոգությունը, սակայն Անկարայի ընտրած ուղին չի կարող լուծել հարցը:

Իրանը նույնպես հստակեցրել էր իր դիրքորոշումը վերջին իրադարձությունների առնչությամբ: Նախ արտգործնախարարության խոսնակի մակարդակով Սիրիայի դեմ ագրեսիա սկսելը կամ նրա տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, և դատապարտելի է որակվել: Նման դիրքորոշումը վերահաստատել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն՝ ընդգծելով, որ Սիրիայում ռազմական գործողության վերսկսումը հանգեցնելու է տարածաշրջանում լարվածության ավելացնմանն ու իրավիճակի հետագա սրմանը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Թուրքիայի կողմից ռազմական նոր գործողության անցկացման մասին տարբեր մակարդակներից հնչող հայտարարություններն արվում էին Աստանայի ձևաչափով անցկացվող հանդիպմանը զուգահեռ: Ինչպես գիտենք, Աստանայի ձևաչափով երաշխավոր երկրները պարբերաբար քննարկում են սիրիական ճգնաժամի լուծման հնարավորությունները: Իսկ երաշխավոր երկրներն են Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը:

Թուրքական կողմից հնչող հայտարարություններին կոշտ արձագանքել էր նաև  Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Այման Սուսանը: Նա հայտարարել էր, որ ցանկացած հարձակում կամ ոտնձգություն Սիրիայի տարածքի նկատմամբ ինքնիշխանության խախտում է: Պաշտոնյան հավելել է, որ Սիրիան ձեռնարկելու է բոլոր միջոցները՝ իր սահմաններն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար:

Հարցին անդրադարձել են նաև Սիրիայի քրդական ուժերը: Մասնավորապես Սիրիայի դեմոկրատական ուժերը (SDF) իրենց հերթին կոչ են արել Ռուսաստանին և ԱՄՆ-ին ավելի շատ քայլեր ձեռնարկել՝ կանխելու հնարավոր ցամաքային ռազմական գործողությունը:

SDF-ի ղեկավար Մազլում Աբդին շեշտել էր, որ Միացյալ Նահանգներից ավելի ուժեղ արձագանք է ակնկալում՝ չնայած տրվող հավաստիացումներին: Աբդին հավաստիացրել էր, որ սահմանին Թուրիքան աննախադեպ ամրաշինական աշխատանքներ է իրականացրել: Նա նաև հայտնել էր, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ համատեղ գործողությունները դադարեցվել են SDF-ի դիրքերի վրա թուրքական օդային հարձակումների արդյունքում:

 Հարկ է նաև նշել, որ SDF-ի խոսնակ Սիամանդ Ալիի տեղեկացմամբ՝ Սիրիայում ռուսական զորքերի ղեկավար Ալեքսանդր Չայկոն հանդիպել է Աբդիին։ Հաղորդվել էր նաև, որ ռուսները ներկայացրել են Թուրքիայի պահանջները SDF-ին, սակայն դրանք մերժվել են։

Թեմային անդրադարձել է նաև իսրայելական ու թուրքական մամուլը: Օրինակ՝ JPost հեղինակավոր պարբերականը մի շարք վերլուծություններ է ներկայացրել: Եթե ընդհանրացնենք, ապա հիմնական թեզը հետևյալն է. ՆԱՏՕի անդամ Թուրքիան ձգտում է Սիրիայից դուրս մղել ԱՄՆին: Չնայած բազմաթիվ տարաձայնություններին՝ այս համատեքստում Թուրքիայի և Իրանի շահերը համընկնում են: Ըստ էության, Թուրքիան և Իրանը հարձակվում են քրդերի վրա մասամբ այն պատճառով, որ նրանք ցանկանում են հարձակվել ԱՄՆ-ի վրա, բայց չեն ցանկանում ուղիղ կոնֆլիկտ ունենալ Վաշինգտոնի հետ:

Թուրքական իշխանական մամուլն էլ ողողված էր այս օրերին Էրդողանի՝ «Մենք մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» հայտնի խոսքերով, որոնց առհասարակ Թուրքիայի ղեկավարը մշտապես օգտագործում է որևէ ռազմական գործողություն իրականացնելուց առաջ:

Ընդգծվել էր նաև Թուրքիայում հաջորդ տարի անցկացվող ընտրությունների գործոնը, ինչպես նաև Սիրիայի սահմանամերձ շրջանների մեծ մասի նկատմամբ վերահսկողություն հաստատելու երկարաժամկետ նպատակը՝ սիրիացի փախստականներին Թուրքիայից դուրս մղելու և քրդերին սահմանից հեռացնելու համար: Ըստ թերթի՝ դիտարկման՝ էթնիկ զտումների արդյունքում բուֆերային գոտի է ստեղծվելու, որը Անկարան կարող է օգտագործել որպես գործիք:

Արձագանքներից բացի՝ ուշագրավ էին նաև մամուլում շրջանառվող լուրերը՝ Ասադ-Էրդողան հանդիպման հնարավորության վերաբերյալ: Մասնավորապես, Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Անկարայի և Դամասկոսի միջև մերձեցման ուղղությամբ ոչ թե ժամանակի խնդիր կա, այլ ցանկության: Ռուս պաշտոնյան նշել է, որ նման միտում նկատվում է Թուրքիայի նախագահի մոտ: Սակայն թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը խանգարում են Սիրիայի սուվերեն տարածքում Թուրքիայի ներկայությունը և նրա ցուցաբերած համակողմանի աջակցությունը սիրիական ընդդիմությանը:

Թեմային անդրադարձել է նաև Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրների հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը: Վերջինս նշել է, թե Մոսկվան միջնորդություն չի պարտադրում Անկարային և Դամասկոսին, պատրաստակամ է հանդիպում անցկացնել նախագահների միջև:

Ավելի ուշ Reuters-ը, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել է, թե Բաշար Ալ-Ասադը մերժել է թուրք գործընկերոջ հանդիպման առաջարկը: Աղբյուրները նաև վստահեցրել են, թե Դամասկոսն «ուղղակի հետաձգում է հարցը», իսկ հանդիպումը կարող է կայանալ։

Թեմայի առնչությամբ հոդված է հրապարակել նաև Al Arabiya-ն՝ դարձյալ հղում  կատարելով անանուն աղբյուրին: Աղբյուրը պնդել է, որ Մոսկվան ձգտում է հանդիպումն անցկացնել «հաշտեցման» քողի ներքո, որպեսզի խուսափի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի լայնածավալ ռազմական գործողությունը: Նորություն էր այս գործընթացում Իրանի քողարկված գործոնը: Ըստ աղբյուրի՝  իրանական կողմն Ասադին մղում է դիմակայել ռուսական ճնշմանը՝ մեկնաբանելով, որ Թեհրանը դեմ չէ հանդիպմանը: Սակայն Թեհրանին անհանգստացնում է Ասադի և Էրդողանի միջև համաձայնություն հասնելու հարցում Մոսկվայի հաջողությունը, ինչը բացասաբար կանդրադառնա Սիրիայում Իրանի շահերի վրա:

regionmonitor.com

Back to top button