Նորություններ

«Այդ տիպի շենքեր այլևս չեն կառուցվում, բայց, դժբախտաբար, Երևանում նման 2500 շենք կա. հիմա ես ավելի շատ մտահոգված եմ Երևանով». սեյսմաբան

«Սպիտակի երկրաշարժը ժողովրդի համար ողբերգություն է, իսկ մասնագետները պարտադրված են այդ հարցին նայել  որպես բնական լաբորատորիա, որպեսզի հնարավոր լինի ճիշտ կազմակերպել սեյսմիկ պաշտպանությունը»: ԳԱԼԱ-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարեց սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության Հյուսիսային կենտրոնի գլխավոր փորձագետ Սերգեյ Նազարեթյանը՝ Գյումրիի համայնքային ենթակայության կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

«Գյումրու տարածքի սեյսմիկ վտանգն ու սեյսմիկ ռիսկը» թեմայով զեկույցը միտված է աղետների ժամանակ բնակիչների հիմնական վարքականոնների ուսուցմանն ու իրազեկմանը:

Սերգեյ Նազարեթյանի խոսքով՝ Սպիտակի երկրաշարժը հիմնաքարային դեր է խաղացել Հայաստանի սեյսմիկ վտանգի գնահատման գործում: Ըստ բանախոսի, Գյումրին այն քաղաքն է, որտեղ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ զոհվեց ամեն 12-րդ բնակիչը, ավերվեց քաղաքի 60 տոկոսը, ավերածությունները 100 տոկոս կազմեցին Սպիտակում, 30 տոկոս՝ Վանաձորում:

«Պետք է դասեր քաղել  և կարողանալ պաշտպանվել  երկրաշարժերից: Միլիոնավոր տարիներ երկրաշարժեր եղել են Հայաստանի տարածքում  և էլի կլինեն: Գյումրիում  88-ի երկրաշարժի ուժգնությունը կազմել  է 9 բալ, Սպիտակում՝ 9-10 բալ»,-նշեց Սերգեյ Նազարեթյանը՝ ավելացնելով. «Սպիտակի երկրաշարժը համարվում  է ավերիչ, երկրագնդի վրա տարեկան 15 այդպիսի ուժեղ երկրաշարժ է տեղի ունենում: Այս երկրաշարժի ժամանակ 37 կմ երկարությամբ բեկվածք էր առաջացել  գետնի մակերևույթին»:

Սեյսմաբանների գնահատմամբ՝ 88-ի երկրաշարժի հետևանքով ամենամեծ երկրաբանական փոփոխությունները եղել են Աշոցքի շրջանի Ձորաշեն գյուղի մոտ, որտեղ  25 մ խորությամբ և 350 մ երկարությամբ ձորակ է առաջացել, ինչը զբոսաշրջային տեսանկյունից շատ հետաքրքիր է:

«Հայաստանում  երկրակեղևը 48-50 կմ հաստություն ունի և այդ ամբողջը ցնցելու  ու 2,5 մ բարձրությամբ բեկվածք առաջացնելու համար մոտ 100 ատոմային ռումբի էներգիա է պետք, այնպիսի հզորության ռումբերի, որոնք Ամերիկան գցեց Նագասակիի և Հերոսիմայի վրա»,-ընդգծեց Նազարեթյանը:

«Սպիտակի երկրաշարժի օջախը մոտ 10 կմ միջին խորության վրա է: Աշխարհում  նման խորության միայն 1 կետ կա՝ Կոլա թերակղզում, որը Խորհրդային Միության տարիներին էր հորատվել, դրա համար հսկայական գումարներ էին պահանջվել, ու դրանով Խորհրդային Միությունը ցույց էր տվել, որ ինքը հզոր երկիր է: Միացյալ Նահանգները այն ժամանակ հրաժարվել էր նման ծախսերից ու հորատումներից»:

Սպիտակի երկրաշարժը, ըստ սեյսմաբանների,  համարվում  է աշխարհում ամենալավ ուսումնասիրված երկրաշարժերից մեկը: Արտասահմանյան 45 երկրներից առաջնակարգ մասնագետներ են եկել, որոնց հետազոտությունների արդյունքում հնարավոր է եղել գիտության այսպիսի նվաճում ունենալ:

Սպիտակի երկրաշարժի ժամանակ, ըստ Նազարեթյանի, եղել է 3 ցնցում, որոնցից ամենաուժեղը 3-րդն էր: 35-40 վայրկյան են տևել բոլոր ցնցումները միասին: Առաջին ցնցման ժամանակ Գյումրիում  ավերածությունները շատ քիչ էին, զոհերի թիվն էլ մինչև 1000 կլիներ, եթե 3-րդ ցնցումը չլիներ:

«88-ի երկրաշարժից տուժած բոլոր բնակավայրերում, բացի Գյումրիից, 1 մարդու ճշտությամբ հայտնի է զոհերի թիվը, ամենաանորոշը Գյումրիում  է, որովհետև հնարավոր չէր հաշվառում կատարել, հետագայում  էլ  փորձեցինք, հասկացանք, որ զոհերի թիվը 17.000-ից չի կարող անցնել, իսկ պաշտոնական տվյալներով, Գյումրիում զոհվել  է 11.000 մարդ: Ամենամեծ ցավը 4500 աշակերտի կորուստն էր»,-հայտնեց փորձագետը:

Ամենամեծ վնասը, ըստ սեյսմաբանների, կրել են կարկասային շենքերը, այսպես կոչված, 111 սերիայի, որոնք հիմնականում Գյումրիի Եռանկյունի կոչվող  թաղամասում  էին ու բոլորը փլվեցին: Այդ տիպի շենքերից այլևս չեն կառուցվում, բայց, ըստ Նազարեթյանի, Երևանում, դժբախտաբար, 2500 նմանատիպ շենք կա:

«Հիմա ես ավելի շատ մտահոգված եմ Երևանով, եթե Աստված չանի, Երևանում ուժեղ երկրաշարժ լինի, ապա Հայաստանի վերջը կգա և հարյուր հազարավոր զոհեր կլինեն»,-շեշտեց Նազարեթյանը:

Ըստ հետազոտությունների, երկրաշարժից հետո առաջին երեք օրում զոհվում  են փլատակներում մնացածների 60 տոկոսը: Այս առումով, նա հրավիրում է տեղական իշխանությունների ուշադրությունը՝ հայտնելով, որ հիմնական պարտականությունը համայնքապետարանների  վրա է դրվում, քանի որ, սովորաբար, փրկարարները 3-րդ, 4-րդ օրն են տեղ հասնում:  Իսկ 5-րդ օրն արդեն մահանում են փլատակների տակ մնացած մարդկանց 90 տոկոսը:

Գիտնականների համար ուշագրավ  է եղել այն, որ բնակիչները, աղետներին դիմակայելուն անպատրաստ լինելով հանդերձ, 1988-ի երկրաշարժի առաջին օրը փլատակներից դուրս են բերել 20.000 մարդու:  2-րդ օրվա վերջին միայն Գյումրի եկան ԽՍՀՄ քաղպաշտպանության 30.000 զինվորական, իսկ 3-րդ օրը՝ աշխարհի փրկարարները՝ մոտ 5000 մարդ:  Ցավոք, ըստ գիտնականի, 5-րդ օրն արդեն փլատակներից ողջ մարդկանց դուրս բերել հնարավոր չեղավ:

Գյումրիում երկրաշարժի հետևանքով ինչու՞ շենքերը քանդվեցին ու ինչու՞ էին ավերածություններն այդքան մեծ: Սերգեյ Նազարեթյանը մի քանի գործոնով  է պայմանավորում. Նախ՝ շինարարության անորակություն, հետո՝ սեյսմաբանների խնդիրը, որ 1 բալով  նվազեցվել էր սեյսմիկ ռիսկը աղետի գոտու բնակավայրերում, իսկ 3-րդ գործոնը բնակիչների կողմից իրենց տներում կատարված ապօրինի ձևափոխություններն էին:

Ըստ մասնագետի՝ սեյսմիկ տեսանկյունից Գյումրին հիմա Հայաստանի ամենաանվտանգ քաղաքն է, բայց դեռ կան 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնության շենքեր, որոնցում զոհեր կլինեն, եթե, Աստված չանի, երկրաշարժ լինի: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ գնահատումների, 88-ի երկրաշարժի ուժգնության երկրաշարժ լինելու դեպքում, Գյումրիում կունենանք մոտ 2500 զոհ:

Կարինե Կազարովա

Back to top button