ԱԱ-2022. Բրազիլիան առաջին խաղակեսում 4 գոլ խփեց Հարավային Կորեային

Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի խաղում աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան մրցում է Հարավային Կորեայի հետ։ Տիտեի գլխավորած թիմը հաղթում է 4:0 հաշվով։
Արդեն 7-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» 22-ամյա հարձակվող Վինիսիուս Ժունիորն օգտագործեց Փարիզի ՊՍԺ-ի 30-ամյա հարձակվող Նեյմարի փոխանցումը եւ բացեց խաղի հաշիվը (տեսանյութ)։
13-րդ րոպեին բրազիլացիների առավելությունը կրկնապատկեց Նեյմարը՝ արդյունավետ իրացնելով 11-մետրանոցը, որը վաստակել էր Լոնդոնի «Տոտենհեմի» 25-ամյա հարձակվող Ռիշարլիսոնը (տեսանյութ)։
29-րդ րոպեին Ռիշարլիսոնը խփեց բրազիլացիների երրորդ գոլը։ Նրան գոլային փոխանցում կատարեց թիմի ավագ, Լոնդոնի «Չելսիի» 38-ամյա պաշտպան Տիագո Սիլվան (տեսանյութ)։
36-րդ րոպեին Վինիսիուսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ անգլիական «Վեստ Հեմի» 25-ամյա կիսապաշտպան Լուկաս Պակետան (տեսանյութ)։
Ընդմիջում է։
Այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում դեկտեմբերի 9-ին կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Ճապոնիայի թիմին։