Նորություններ

Գյումրիի մանկատան սանը չի կարողանում վճարել տնակի վարձը, որը կազմում է ընդամենը 10.000 դրամ

Պետությունը բնակտարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված  անձանց կացարանով ապահովելու պարտականություն ունի: Այդ անձանց ցանկում ընդգրկված են նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաները, մանկատների սաները: Նրանցից շատերը դեռ ապահովված չեն կացարանով նաև Շիրակի մարզում: Մանկատան սաները հիմնականում վարձով են ապրում: Ոմանք նույնիսկ ժամանակավոր կացարան՝ տնակ են վարձակալում, քանի որ քարաշեն բնակարան վարձակալելու համար գումար չունեն:

29-ամյա Անդրանիկ Սուքիասյանը 11 տարի ապրել է Գյումրիի Նանսենի անվան խնամքի հաստատությունում, հետո վերադարձել հոր մոտ:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում նա պատմեց, որ հայրը հոգեկան խնդիրներ ունի, սկզբում պատրաստակամություն էր հայտնել հոգ տանել  իր նկատմամբ: Այդ ընթացքում՝ 2014 թվականին, Անդրանիկը հրաժարվել էր Մարալիկ քաղաքում պետության կողմից իրեն հատկացված բնակարանից: Իսկ հետո հայրն էր հրաժարվել որդու խնամքից, նա էլ շարունակ վարձակալած կացարաններում է ապրում: 4 տարի առաջ էլ տնակ էր վարձակալել, որտեղ բնակվում է մինչ օրս:

«Ամիսը 10.000 դրամով տնակ եմ վարձակալել, որը ավելի շուտ ավտոտնակ է, քան տնակ: 4 ամսվա վարձ եմ պարտք տանտիրոջը, ով ինձ տնից վտարում է: Վարձը վճարել չեմ կարող, ապրում եմ ընդամենը 18.000 դրամ կազմող նպաստով ու հաշմանդամության թոշակով: Դիմել եմ Գյումրիի քաղաքապետարան և Շիրակի մարզպետարան, որպեսզի դրամական աջակցություն տրամադրեն, բայց ասում են, որ դեռ գումար չկա»,-նշեց Անդրանիկը:

Բնակարանի խնդրով օրեր առաջ նա դիմել է նաև Շիրակի մարզպետարան և միասնական սոցիալական ծառայության Գյումրիի մասնաճյուղ, բայց պատասխանել են, որ բնակապահովման ծրագիր հիմա չկա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ԳԱԼԱ-ի  գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ  կառավարության 2015 թվականի որոշմամբ սահմանվել են բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց կացարանով ապահովելու կարգը, չափորոշիչները, պայմանները: Նշված որոշման համաձայն, ստեղծվել է բնակելի տարածության իրավունք ունեցող անձանց  տվյալների տեղեկատվական համակարգ, որում ներկայումս ընդգրկված է առանց ծնողական խնամքի մնացած 141 անձ, որից 11-ը Շիրակի մարզից:

Այս որոշմամբ բնակարանի շահառու կարող են համարվել առանց ծնողական խնամքի մնացած այն անձինք, ովքեր բնակվում են ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածություն և չեն օտարել բնակարան՝  կացարանով ապահովելու համար  հաշվառման վերցնելու ժամկետներին նախորդող հինգ տարիների ընթացքում:

Սոցիալական հարցերի նախարարության պատասխան գրության մեջ չի հստակեցվում, թե առաջիկայում ծնողական խնամքից դուրս մնացած երեխաների բնակապահովման ծրագիր լինելու է, թե՝ ոչ: Գերատեսչությունից ընդամենը հայտնում են նախարարության իրականացրած բնակապահովման միջոցառումների մասին: Ըստ այդմ, բնակարանի գնման վկայագրերի միջոցով ֆինանսական աջակցություն է  տրամադրվում նաև 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաներին՝ որոշակի պահանջների բավարարելու դեպքում: Ծրագրի շրջանակում բնակարանի գնման վկայագիր են ստացել մանկատան 237 շրջանավարտներ և  մանկատան 44 սաներ:

Մանկատան շրջանավարտներին այս տարի, թերևս առաջին անգամ, ամենամսյա 30.000 դրամ գումար է հատկացվել բնակարանի վարձակալության նպատակով: Սոցիալական հարցերի նախարարության գրությունում նշվում է, որ այդ գումարը տրամադրվել է ընդամենը 4 շահառուի: Թե ինչու մյուսներին այդ գումարը չի հատկացվել, գերատեսչությունը չի մանրամասնում: Այնինչ, օրեր առաջ Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեն հաստատելիս, կառավարությունում խոսում էին այն մասին, որ հատկացված 30.000 դրամը բավարար չէ բնակարան վարձակալելու համար, այդ իսկ պատճառով էլ այն չի իրացվել և վերադարձվել է պետբյուջե: Հաջորդ տարվա համար նախատեսվում է մանկատան սաների բնակարանի վարձակալության գումարը սահմանել ամսական 100.000 դրամ:

Որպես մանկատան նախկին սան, Անդրանիկ Սուքիասյանը չի օգտվել բնակարանի վարձակալության համար սահմանված այս աջակցությունից: Ավելին, այդ նպատակով նրան ամսական ոչ թե 30.000, այլ ընդամենը 10.000 դրամ է անհրաժեշտ: Աջակցությունը հետագայում նրան հասանելի լինելու՞ է, թե՝ ոչ, հայտնի չէ: Մանկատան սանը հիմա կացարանի լուրջ խնդիր ունի: Նրան Գյումրիի և Շիրակի մարզի պետական կառույցներում փոխանցել են, որ հանրապետության սոցիալապես անապահով և հատուկ խմբերի բնակարանային հերթացուցակում ինքը 195-րդ համարն է, բնակարան ստանալու հերթը թե ե՞րբ կհասնի, Շիրակի մարզի պատասխանատու կառույցներում տեղյակ չեն:

Կարինե Կազարովա   

 

Back to top button