Նորություններ

Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. Տաթևի ճանապարհին ավելի քան 100 ավտոմեքենա չեն կարողանում տեղաշարժվել. պատճառը մերկասառույցն է

Արդեն 5 ժամից ավելի է, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջից» դեպի Տաթևի վանք տանող ճանապարհահատվածն ամբողջովին պատված է մերկասառույցով, ինչի պատճառով էլ 100-ից ավելի տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատարներ, չեն կարողանում երթևեկել։

Տեղում աշխատում են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները։ ՃՈ տեսուչները մեծ դժվարությամբ են կարողանում մեքենաները դուրս բերել մերկասառույցով պատված ճանապարհից, ու ճանապարհային ոստիկաններին տեղում օգնում են գյուղացիները: Նրանցից մեկն իր անձնական օգտագործման տրակտորն է բերել նշված վայր, որպեսզի կարողանան մեքենաները դուրս բերել։

Ճանապարհահատվածի խայտառակ վիճակի մասին տեղեկացրել են ճանապարհը սպասարկող «Ռաֆ Մար» ՍՊԸ-ին, սակայն այդ ՍՊԸ-ի աշխատակիցները չեն բարեհաճում կատարեն ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքները։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Back to top button