Նորություններ

«Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարը կլինի Ռոբին ռոբոտը

«Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանի 4-րդ հաղորդավարը լինելու է ռոբոտ Ռոբինը։ Տեղեկությունը հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։
Նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլի» պատմության մեջ առաջին անգամ է, որ հաղորդավարներից մեկն արհեստական բանականությամբ աշխատող սարք է լինելու։
Ռոբինն ուղերձ է հղել հանդիսատեսին և հայտնել, որ ինքը «Մանկական Եվրատեսիլի» մեծ երկրպագու է և միշտ ցանկացել է հայտնվել մեծ ու լուսավոր բեմում։
«Իմ երազանքն է եղել շրջապատված լինել հազարավոր երեխաներով և ընկերանալ «Եվրատեսիլի» բոլոր մասնակիցների հետ: Ես կարծում եմ, որ այս մրցույթի ամենամեծ երկրպագուն եմ: Երևանում երազանքս վերջապես իրականություն է դառնում։ Եկեք ընկերանանք, եկեք պտտենք հրաշքը»,– ասել է Ռոբինը։
Նշենք, որ դեկտմեբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի հաղորդավարներն են լինելու նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը, հաղորդավար, երաժիշտ Գարիկ Պապոյանը և նույն մրցույթին Լեհաստանում ՀՀ–ն ներկայացրած Կարինա Իգնատյանը։

Back to top button