Նորություններ

Տարածվող նկարը ոչ մի կապ չունի ամանորյա լուսավորության նախագծի հետ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի Հանրապետության Հրապարակի շենքերից մեկի զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսի հետ:  Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի լրատվության  պետ Լևոն Սարդարյանը:

«Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ»,- գրել է Սարդարյանը։

Միևնույն ժամանակ, մայրաքաղաքի ամանորյա լուսավորման աշխատանքների հետ կապված հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում է մասնավորապես Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը»,-տեղեկացնում են քաղաքապետարանից՝ հավելելով, որ  Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խնդրի առնչությամբ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգան նաև դեկտեմբերի 2-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Back to top button