Ավտովթար Երևանում․ բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն ու թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի միջին ծանրության ախտանիշով օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադի բժիշկների կոմղից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսի միջից ևս մոտ 8 հոգի անձնական օգտագործման ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ա․ Փարսադանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։
Բախման հետևանքով Mercedes Vito-ն, որը հաշվառված է «Արարատ Բանկի» հաշվեկշռում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել տրանսպորտային կանգառն ազդարարող երթակե ցուցանակին և տապալել այն։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների , վիրավորի, ինչպես նաև դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած անձանց մասին տեղեկություններն ու նրանց ամբողջական տվյալները։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։