Նորություններ

«Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, այլ խաղաղության քողի տակ նոր ագրեսիաների իրականացումը Հայաստանի և Արցախի դեմ»

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ պարզից էլ պարզ է, որ նման վարքագիծ ունեցող երկիրը խաղաղություն չի ուզում, այլ խաղաղության վերաբերյալ թեզերը օգտագործում է՝ սպասարկելու իր իրական նպատակները։

«Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հարյուրավոր դեպքեր են արձանագրվել հրադադարի հաստատմանը հաջորդած երկու տարիների ընթացքում։ Հրադադարի խախտումները առավել ինտենսիվացել են 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներից սկսած։ Ակնհայտ է, որ սա պայմանավորված է ռուս-ուկրաինական հակամարտությամբ, որից Ադրբեջանը փորձում է օգտվել՝ լարելու իրավիճակը Արցախում։ Այս իրավիճակը նաև ՌԴ-ի որպես խաղաղապահ առաքելություն իրականացնող երկրի հեղինակության դեմ է ուղղված, կարծում եմ սա լավ գիտակցում են նաև Ռուսաստանում։ Անկայունությանը նպաստում է նաև խաղաղապահների հստակ ձևակերպված մանդատի բացակայությունը, որը լինելու դեպքում, բազմաթիվ իրավիճակներում հստակություն կապահովվեր։ Փաստորեն, ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը խախտում է հրադադարը, սակայն այդ խախտումների համար պատասխանատվության չի ենթարկվում։ Սպանվում, բռնության են ենթարկվում քաղաքացիական անձինք, սակայն որևէ մեկն այդ հանցավոր արարքների համար չի պատժվում։ Այս անպատժելիությունն էլ Ադրբեջանին հիմք է տալիս առավել ինտենսիվ կերպով դիմելու նման հանցավոր գործողությունների»,-ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Գեղամ Ստեփանյան

Ստեփանյանի խոսքով՝ Ադրբեջանի նպատակը շատ հստակ է, էթնիկ զտման ենթարկել Արցախը, իսկ Հայաստանին մղել չհիմնավորված զիջումների։

«Այդ նպատակին հասնելու համար նախորդող երկու տարիների ընթացքում Ադրբեջանը տարբեր հանցավոր քայլերի է դիմել՝ հոգեբանական ահաբեկչություն, կենսական ենթակառուցվածքների թիրախավորում, ատելության խոսքի տարածում և այլն։ Ադրբեջանը ուժի կիրառումն ու ուժի կիրառման սպառնալիքը դարձրել է իր քաղաքականության անկյունաքարային սկզբունքը՝ արհամարհելով միջազգային իրավունքով ամրագրված արգելքը։ Պարզից էլ պարզ է, որ նման վարքագիծ ունեցող երկիրը խաղաղություն չի ուզում, այլ խաղաղության վերաբերյալ թեզերն օգտագործում է՝ սպասարկելու իր իրական նպատակները։ Խաղաղության մասին խոսակցություններն ու այսպես կոչված խաղաղության օրակարգը սին է, մենք համոզվել ենք դրանում բազմաթիվ դրվագներով։ Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ, այլ խաղաղության քողի տակ նոր ագրեսիաների իրականացումը Հայաստանի և Արցախի դեմ»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ-ը:

Ռուս խաղաղապահների մանդատի ժամկետը լրանալու դեպքում ի՞նչ զարգացումներ են հնարավոր, Արցախի հետագա ճակատագիրն ինչպե՞ս եք պատկերացնում:

Հարցադրմանն անդրադառնալով՝ Գեղամ Ստեփանյանը հայտարարեց.

«Միանշանակ է, որ խաղաղապահների ժամկետը պետք է երկարացվի, որովհետև ըստ էության չի վերացել նրանց՝ Արցախում գտնվելու անհրաժեշտությունը։ Խաղաղապահները տեղակայվել են, որովհետև խաղաղ բնակչության անվտանգության ապահովման խնդիր կա, կա սպառնալիք Ադրբեջանի կողմից, կա ցեղասպանության և էթնիկ զտման մեծ վտանգ։ Արդյո՞ք վերացել են այս գործոնները։ Միանշանակ է, որ ոչ։ Ուստի խաղաղապահների մնալու, նրանց ժամկետի երկարացման համար բոլոր հիմնավոր պատճառները կան, այլ հարց է, որ Ադրբեջանը փորձելու է խոչընդոտներ հարուցել։ Իհարկե, ցանկալի կլինի, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ առանց որևէ խոչընդոտների, երկարացվի խաղաղապահների մանդատը, իսկ եթե ամեն դեպքում Ադրբեջանը հակադրվի, ուրեմն պետք է գործարկվեն խաղաղապահների մանդատը երկարացնելու միջազգային իրավունքով սահմանված այլ մեխանիզմներ՝ ընդհուպ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ խաղաղապահների ժամկետի երկարացում կամ անժամկետ առաքելության տեղակայում»,- շեշտեց Ստեփանյանը:

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ տարբեր սադրանքների գնալուց և պայմանավորվածությունները խախտելուց առաջ ադրբեջանական կողմը միշտ էլ դիմում է տեղեկատվական մանիպուլյացիաների։

«Հիմա պարզ է, որ Ադրբեջանը փորձեր է անում դուրս գալու Լաչինի միջանցքի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածություններից, իսկ դա անելու համար, Ադրբեջանը փորձում է պայմանավորվածությունների խախտման մեջ մեղադրել մյուս կողմերին։ Այդ հայտարարությունները, ըստ էության, առաջին հերթին ռուսական կողմին հեղինակազրկելու նպատակ ունեն, քանզի, ըստ եռակողմ հայտարարության, միջանցքը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ։

Չի բացառվում, որ նման ստերով Ադրբեջանը պատրաստություն է տեսնում նաև խաղաղապահների ժամկետի երկարաձգմանը ընդդիմանալու համար։ Հստակ կապ կա Ադրբեջանի կողմից կոնկրետ ժամանակահատվածում հնչող հայտարարությունների և դրան հաջորող գործողությունների միջև։ Այնպես որ Ադրբեջանի հայտարարություններին պետք է լրջորեն վերաբերվել, այդ թվում խաղաղապահները պետք է լրջորեն վերաբերվեն ու կանխարգելիչ քայեր ձեռնարկեն»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

Անահիտ Չալիկյան

Back to top button