Նորություններ

«Պատահական չէ, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն և խաղաղապահ կոնտիգենտը մամուլի հաղորդագրություններով «փոխհրաձգության» մեջ են»

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունը երկրի ներսում խնդիրներ ունի և ամեն ինչ անում է, որ իր ռեժիմը պահպանի. Ալիևն իր ժողովրդին խաբել է՝ ասելով, որ Արցախի հարց չկա:

«Ադրբեջանը փորձ է կատարում տարբեր իրավիճակներում ձեռքի տակ ունենալ տարբեր զարգացման սցենարներ, փաստացի ռազմավարական նախաձեռնությունը գտնվում է իրենց ձեռքում: Եթե Ադրբեջանում իմանան, որ էսկալացիայի արդյունքում կստանան պատասխան, և իրավիճակը դուրս կգա իրենց վերահսկողությունից,  արդեն սադրանքների դիմելուց առաջ խորը կմտածեն: Ադրբեջանը այս սադրանքներով միջազգային հանրությանը փորձում է ցույց տալ, որ հայկական կողմն է խախտում պայմանավորվածությունները, բացի դրանից, իրենց զորքին մշտապես մարզված  վիճակում են պահում: Չենք կարող բացառել, որ այս սադրանքները չեն բերի նոր լարվածության»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

Ռազմական  փորձագետի կարծիքով՝ Ալիևը հիմա պատրաստ է ամեն ինչի, ոչինչ չենք կարող բացառել:

«Ռուս-ուկրաինական պատերազմը մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի, թե ինչ հետևանքների կբերի:

Մհեր Հակոբյան

Տարբերակներից մեկով հնարավոր է, որ Ռուսաստանը խորտակվի այնպես, ինչպես եղավ 1917-21թթ.-ին: Իսկ Ալիևն ինչո՞ւ պիտի իրեն պատրաստ չհամարի Էրդողանի հանցավոր միջամտությամբ վերջնական լուծել հայկական հարցը: Եթե այս սցենարը չաշխատեց, Ադրբեջանը ոչինչ  չունի կորցնելու: Եթե Ադրբեջանն իմանա, որ հայկական կողմից արժանի պատասխան կստանա, իրեն ավելի համեստ կպահի: Ալիևը լավ գիտի, որ ինչ էլ հայտարարի, դրան համարժեք պատասխան չի լինի, դրա համար էլ չի մտածում իր հայտարարությունից առաջ:

Ադրբեջանի իշխանությունը երկրի ներսում խնդիրներ ունի և ամեն ինչ անում է, որ իր ռեժիմը պահպանի: Ալիևն իր ժողովրդին խաբել է՝ ասելով, որ Արցախի հարց չկա, բայց երեկ հանդիպել է Ֆիլիպ Ռիկերի հետ, ով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի ներկայացուցիչն է: Ասում է՝ Արցախի հարց չկա, բայց փաստացի Արցախից օկուպացրած տարածքներում չի կարողանում լիարժեք կենսագործունեություն ապահովել: Ալիևն ասում է, որ Արցախի հարց չկա, բայց Արցախում փաստացի ռուս խաղաղապահներ կան, և այդ զորախմբի դուրս գալու մասին կարծիք պետք է հայտնի 2025թ.-ի առաջին կեսին: Ալիևը խնդիրներ ունի Իրանի հետ, խնդիրներ ունի պաշտոնական Մոսկվայի հետ: Պատահական չէ, որ վերջին օրերին պաշտոնական Բաքուն և խաղաղապահ կոնտիգենտը մամուլի հաղորդագրություններով «փոխհրաձգության» մեջ են: Ալիևը ռուսական կոնտիգենտին ասում է, որ Արցախի հայկական անվանումով տեղանունները չկիրառի, իսկ ռուսական զորախումբն էլ կիրառում է:

Պատահական չէր, որ երեկ Արցախում վիրավոր ունեցանք… Ալիևը մեծ ամբիցիաներ ունի և դրանք առաջ է տանում, իսկ ի՞նչ ենք անում մենք՝ 650.000 դոլար ծախսում ենք, որպեսզի Երևանի տոնական զարդարանքը ապահովվի, 100.000 դոլար ծախսում ենք, որպեսզի Ազգային ժողովի գորգերը փոխվեն: Եվ սա այն դեպքում, երբ մի զինվորի լավ հանդերձանքն արժե մոտ հազար դոլար, եթե խոշոր խմբաքանակով ես առնում:

Փաստորեն մենք 650 զինվորի հանդերձանքի գումարը ծախսում ենք անիմաստ բաների և քաղաքում խցանումներ ստեղծելու վրա: Հարյուր զինվորի հանդերձանքի գումար մենք ծախսում ենք ԱԺ գորգերի փոխելու վրա: Սա ընդամենը երևացող ծախսերն են, բա չերևացողը՝ Կատար են գնում, Բալի են գնում:

Ալիևի համար բացվել է հնարավորությունների պատուհան, հիմա օգտվում է այդ հնարավորությունից»,- հայտարարեց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը:

Անահիտ Չալիկյան

 

Back to top button