ՆորություններՏնտեսական

«3000 ավելացրին, որ զրկեն 18.000-ից, խելքի նայեք». Գյումրիից 479 ընտանիք զրկվել է նպաստից

80-ամյա Մարգարիտ Ֆռնջյանը միայնակ թոշակառու է, ընտանիքին կորցրել է 1988-ի երկրաշարժի ժամանակ: Ասում է՝ ոչ մի կողմնակի եկամուտ չունի, բացի թոշակ-նպաստից, սրտնեղում է, որ հիմա այդ 18.000 դրամից էլ է զրկվել, որը հազիվ մի քանի դեղերի է հերիքում:

«Երկար ժամանակ ինձ նպաստ չէին տալիս, ասում էին, որ չի հասնում… հետո տվեցին նպաստ, բայց էս ձմռան շեմին մեզ կանգնեցրին փաստի առաջ: Մի քանի ամիս առաջ 3000 դրամ թոշակ բարձրացրին, բայց որտեղ տանձ կա, պոչն էլ հետն է: Պատճառաբանեցին, որ շենքում եմ ապրում, հա, շենք եմ ապրում, բայց ջեռուցում չկա, որ գաք իմ տուն մտնեք, կտեսնեք, որ յոլա եմ գնում: Ես 80 տարեկան եմ, ի՞նչ պետք է անեմ էս տարիքիս, էս երկրում ոչ ժողովրդի մասին մտածող կա, ոչ էլ ժողովրդի մատից փուշ հանող:

3000 ավելացրին, որ զրկեն 18.000-ից, խելքի նայեք: Ես Նիկոլին հավատացել եմ, բայց ինքը էսօրվա օրով էսպես պիտի չվարվի ժողովրդի հետ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասում է Մարգարիտ Ֆռնջյանը:

Գյումրու միասնական սոցիալական ծառայությունում այսօր մարդկանց հոսքը չէր դադարում. բանն այն է, որ միայն Գյումրիից 479 ընտանիք զրկվել է նպաստից, քանի որ կառավարությունը 3000 դրամով ավելացրել է այս մարդկանց կենսաթոշակները, որի պատճառով էլ իջել են նրանց սոցիալական բալերը։ Քաղաքացիները առավոտից հանդիպում են Գյումրու միասնական սոցիալական ծառայության պետ Սարիկ Մինասյանի հետ, ասում են՝ առանձնապես հույսեր չունեն, որ իրենց խնդիրները կլուծվեն, կամ պետությունը այս անգամ ընդառաջ կգնա իրենց:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ԳԱԼԱ-ին պարզաբանեցին.
«Պայմանավորված եկամտի ավելացմամբ (աշխատավարձ, կենսաթոշակ կամ ամսական պարբերականությամբ վճարվող որևէ այլ եկամուտ)՝ քաղաքացին կարող է դուրս մնալ անապահովության գնահատման համակարգից․ ընթացակարգը նոր չէ, գործում է համակարգի ներդրման պահից։

Անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող ընտանեկան/սոցիալական նպաստը երաշխավորված աջակցություն չէ, այն ընտանիքի եկամուտների հիմքով տրվող աջակցություն է՝ ի տարբերություն, օրինակ, կենսաթոշակների։

Համակարգից դուրս մնացած, բայց աջակցության կարիք ունեցող քաղաքացիները կարող են դիմել եռամսյակային հրատապ օգնություն ստանալու համար, որի չափը հավասար է սոցիալական նպաստի չափին (ամսական՝ 18 հազար դրամ):

Տիկին Գայանեն ասում է՝ թող իշխանության ներկայացուցիչները 47.000 դրամով մի ամբողջ ամիս ապրեն:

«Ես հարևանուհուս հետ եմ եկել, միայնակ կին է, օգնող չունի, հետը եկա, որ տեսնենք՝ ինչ պիտի լինի:
Թոշակառուի մասին չեն մտածում, ոչ ոքի մասին չեն մտածում: Մարդիկ թշվառ վիճակի մեջ են, ինչ է, իրենք չե՞ն տեսնում, թե ժողովուրդը ինչ վիճակի մեջ է, ինչ թանկություն է, կամ իրենք չգիտե՞ն, որ իրենց տված մի քանի կոպեկով հնարավոր չէ ապրել»,- ասում է տիկին Գայանեն:

Տիկին Սուսաննան ևս զրկվել է 18.000 դրամ նպաստից, բայց իր խոսքով՝ ինքը չի նեղանում կառավարությունից. փող չկա, մարդիկ զորք, բանակ պիտի պահեն:

Անահիտ Չալիկյան

Back to top button