Նորություններ

ՔԿ–ն պարզաբանել է, թե ինչ գործով է պատգամավոր Աննա Մկրտչյանը հրավիրվել հարցաքննության

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասնել է, թե ինչ գործի շրջանակում են ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ու նրա եղբայրը կանչվել ՔԿ։
Նշենք, որ «Հայաստանի Հանրապետական կուսակցության» գործադիր մարմինը երեկ գրել է, որ Մկրտչյանին հարցաքննության են կանչել մի զավեշտալի պատրվակով, իբրև թե վերջինիս վկայականում նրա ծննդյան ամսաթիվը 1 օրով սխալ է գրվել, որպեսզի «այլ դրդապատճառներով համապատասխանեցվի առավել նշանավոր օրվան»։
ՔԿ–ն հերքել է այդ տեղեկությունն։ Կառույցից հայտնում են, որ խնդիրը կապված է դպրոցական տարիներին Աննա և Հայկ Մկրտչյաննների մոր` Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հետ։
Դրա հիման վրա նրանք` լինելով Երևանի Խ. Դաշտենցի անվան դպրոցի աշակերտներ, հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում, ապա ձեռք են բերել ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ։
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աննա Արայի Մկրտչյանը 2001 թվականից, իսկ նրա եղբայր Հայկ Արայի Մկրտչյանը 2006 թվականից սովորել են Երևան քաղաքի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում։ 2011 թվականի հունվարի 10-ի դրությամբ վերջիններս եղել են նշված դպրոցի աշակերտներ և ուսումը նշված դպրոցում դադարեցրել են միայն 2011 թվականի փետրվարի 8-ին: Ըստ ստացված տվյալների, վերջիններս, 2011 թվականի հունվարի 10-ից մինչև 2011 թվականի մայիսի 27-ն ընկած ժամանակահատվածում մշտապես գտնվել են ՀՀ-ում, սակայն 2011 թվականի հունվարի 10-ին իրենց մոր՝ Մ. Գրիգորյանի անվամբ լրացված կեղծ դիմումի հիման վրա հրամանագրվել են ՌԴ Մոսկվա քաղաքի Լազարևի անվան թիվ 2042 միջնակարգ դպրոցի 11-րդ «ա» դասարանում»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ վերջիններս ուսումնական պարապմունքներին չհաճախելով, միջնակարգ կրթության կրթական ծրագրերին չմասնակցելով՝ 2011 թվականի հունիսի 15-ին ձեռք են բերել նշված դպրոցի միջնակարգ կրթության վերաբերյալ իրավունք վերապահող բովանդակությամբ ակնհայտ կեղծ ավարտական վկայականներ, որոնք 2011 թվականի հունիսի 29-ին օգտագործվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան մասնագիտությունների ընդունելության մրցույթի ժամանակ:
Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 325-րդ հոդվածի 1-ին մասի /ՀՀ նոր քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) և 457-րդ հոդվածի 1-ին մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) հատկանիշներով։
Հարցաքննության հրավիրված Աննա Մկրտչյանը նոյեմբերի 26-ին ներկայացել է քննչական բաժին, սակայն օգտվել է դատավարական իր իրավունքից և հրաժարվել պատասխանել իրեն առաջադրված հարցերին։

Back to top button