Նորություններ

«Արաբական աշխարհի հետ սերտ համագործակցության հաստատումը կարող է ապահովել քաղաքական և տնտեսական լուրջ դիվիդենտներ»

Արցախյան հիմնախնդրում Ադրբեջանը միշտ փորձել է շահարկել իսլամական գործոնը, այդուհանդերձ, եթե Ադրբեջանին հաջողվել է խանգարել Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, ապա մյուս արաբական երկրների հետ հարաբերությունները զարգացում ապրեցին:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, կայացած «Արցախյան հիմնախնդիրը արդի քաղաքական գործընթացների հոլովույթում» թեմայով գիտագործնական համաժողովում ասել է դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանն իր՝ «Արցախյան հիմնախնդիրը և Մեծ Մերձավոր Արևելքը արդի աշխարհաքաղաքական զարգացումների լույսի ներքո» զեկույցի ընթացքում:

«Արցախի հարցում, նրանք թեև համաձայնելով այն հիմնադրույթի հետ, որ արցախյան հակամարտությունը կրոնական հենք չունի, այսօր էլ շարունակում են պահպանել դրական չեզոքություն: Այլ խնդիր է հայ-թուրքական հարաբերություններում Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի մոտեցումներն ու դիրքորոշումները: Այստեղ է, որ նրանք հստակ տարանջատում են մտցնում Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Գլոբալ և տարածաշրջանային զարգացումների և դաշինքների նոր իրողությունները մեզ համար հեռանկարներ են բացում, պայմանով, եթե մենք կարողանանք հմտորեն օգտագործել տարածաշրջանային խաղացողների միջև առկա բազմաբնույթ հակասությունները, գտնել համատեղ ընդհանուր շահերը՝ վարելով նուրբ, ոսկերչական դիվանագիտություն»,-նշել է բանախոսը՝ առաջնային խնդիր համարելով Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:
Նրա համոզմամբ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում հայկական պատվիրակությանը ցուցաբերված բացառիկ բարձր ընդունելությունը վկայում է Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու լուրջ տրամադրությունների մասին:
«Ալիևը Շուշիում հայտարարեց, թե «մզկիթներ վերացնող Հայաստանը» չի կարող ընկերություն անել մուսուլմանական երկրների հետ, ինչն ուղղված էր Իրանին և Սաուդյան Արաբիային: Բաքուն քաջ գիտակցում է այն վտանգը, որը կարող է բերել մերձեցումը այդ երկրի հետ: Այսօր շատ քչերն են հիշում, որ արցախյան վերջին պատերազմի ժամանակ Սաուդյան Արաբիան արգելանք դրեց թուրքական ապրանքների ներմուծման վրա»,-հավելել է բանախոսը:
Փորձագետի կարծիքով Արցախում հայկական մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ծրագրերի իրականացման, քաղաքակրթական, կրոնական երկխոսության ուղղությամբ Մերձավոր Արևելքի երկրները ներգրավելու համար առկա են իրական հնարավորությունները:
«Վերոհիշյալի համար կա բացառիկ պատմական փորձ: Բավական է Եգիպտոսի պետականության կայացման գործում հայերի հսկայական ներդրումը կամ էլ հայոց ցեղասպանության ժամանակ արաբական դրական վերաբերմունքը: Կարելի է քննարկել Արցախում հայ-արաբական մշակութային կենտրոն ստեղծելու գաղափարը: Պետք է բարձրացնենք արցախյան հիմնախնդրի՝ արաբական երկրներում հանրային իրազեկվածության մակարդակը»,- ասել է Ռ. Կարապետյանը:
 Ըստ նրա՝ արաբական աշխարհի հետ սերտ համագործակցության հաստատումը կարող է ապահովել քաղաքական և տնտեսական լուրջ դիվիդենտներ, որոնք անկասկած կնպաստեն Հայաստանի տարածաշրջանային քաղաքականությանը:

Back to top button