«Միանգամից ձայն լսել և վազել դեպքի վայր. չեմ կարծում, որ բոլորս դա անում ենք». հոգեբան

«Պատերազմը բնականաբար թողել է իր հետևանքները, և մարդկանց մոտ տագնապային տրամադրությունները բարձր է: Բնական է, որ այս ֆոնին ցանկացած բացասական լուր, իրողություն բարձրացնելու է սթրեսի տոկոսը և ակտիվացնելու է բոլոր այն ապրումները, որոնք մարդիկ ունեցել են և միգուցե փորձել են հաղթահարել կամ հաղթահարել են: Եվ նման իրավիճակը (Պեմզաշենի ողբերգությունը) ինչ-որ չափով ակտիվացնում է տրավմատիկ իրադարձություններից հետո մնացած հետքերը կամ հենց տրավմաները: Բնական է, որ նման դեպքից հետո տագնապային մարդկանց մոտ վախերն ուժգին կարտահայտվեն, և կարծում եմ նաև այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են հենց այդ գյուղում, որովհետև մարդու անվտանգության զգացողությունն արդեն վտանգի տակ է: Նման իրավիճակներում մարդիկ պիտի զգան, որ իրենք հսկողության տակ են, այսինքն՝ ոստիկանությունն իրականացնում է վերահսկողություն»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց հոգեբան Անի Ապիտոնյանը:
Հոգեբանի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել, մեղադրյալները ձերբակալված են, մարդիկ պետք է փորձեն վերադառնալ կյանքի բնականոն հունին:
«Եթե մարդկանց վիճակը գնալով բարդանում է, քունն են կորցնում, տագնապն է բարձրանում, ես խորհուրդ եմ տալիս դիմել հոգեբանական աջակցության, որպեսզի չխորանա այդ ամենը, և հետագայում դա հիմք չհանդիսանա տագնապայնության բարձրացման կամ խուճապային գրոհների»,- նշեց հոգեբանը:
Հոգեբանի խոսքով՝ մարդիկ պետք է իմանան, թե նման դեպքերում ինչպես պետք է վարվել, եթե ինչ-որ բան են նկատում, որն իրենց կասկածելի է թվում, միանգամից զանգահարեն ոստիկանություն:
«Մեզանից յուրաքանչյուրն ինչ-որ պահի զգացել է, որ այլ դեպքերի համար պատասխանատվություն չենք վերցնում մեզ վրա: Այսինքն՝ սա միգուցե վախ է, որ ես խառնվում եմ մի բանի մեջ, որը իմը չէ: Այսինքն՝ միանգամից ձայն լսել և վազել դեպքի վայր. չեմ կարծում, որ բոլորս դա անում ենք: Սպասում ենք, որ հասկանանք՝ շարունակվե՞ց, թե՞ չշարունակվեց: Մտածում ենք, որ այնպիսի իրադարձություն չի կատարվում, որի մեջ մենք պետք է խառնվենք: Ուրիշ անձի տարածք չմտնելու խնդիրը կա:
Միգուցե մեզ մոտ սոցիալական վերահսկողությունը մի քիչ թուլացել է՝ համեմատած մի քանի տարի առաջվա հետ: Դա էլ նրանից է, որ մարդիկ ավելի քիչ են շփվում իրար հետ և ավելի քիչ գիտեն միմյանց մասին, և սա բերում է նրան, որ մարդը չի խառնվում մյուսի գործերին:
Նշեմ նաև, որ շատ կարևոր է սոցիալական վերահսկողությունը, այսինքն՝ միմյանց հանդեպ ուշադիր լինելը, որովհետև շատ դեպքեր կարող են կանխվել՝ «տեսնեմ՝ ինչ է կատարվում» հարցից:
Մեր ազգը կարող է դիտարկել որպես, որ մարդը քիթը մտցնում է այնտեղ, որտեղ պետք չէ, բայց դեպքեր են լինում, որ մենք հասկանում ենք, որ դա ոչ թե քիթը մտցնել է, այլ սոցիալական վերահսկողություն է միմյանց հանդեպ, ուշադրություն է և կարեկցանք»,- ընդգծեց հոգեբան Անի Ապիտոնյանը:
Անահիտ Չալիկյան