Նորություններ

Ադրբեջանական զինված տեղակայումների հետևանքով խաթարված է մարդկանց կյանքը, չեն կարողանում եկամուտ վաստակել. Թաթոյան

ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում նոյեմբերի 22-ին տեղի է ունեցել Իրավունքի և արդարության «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի և մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հանդիպումը։

«Թաթոյան» հիմնադրամից  հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արցախյան հիմնախնդրին վերաբերող հարցեր, ընդգծվել է արցախահայության ինքնորոշման իրավունքի անբեկանելիությունը:

Արման Թաթոյանը շեշտել է, որ ինչպես ապացուցում են փաստերը, թե´ Հայաստանում, թե´ Արցախում քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված տեղակայումների հետևանքով խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, լուրջ վտանգի տակ են մարդկանց կյանքն ու անվտանգությունը: Մարդիկ չեն կարողանում վաստակել ընտանիքի եկամուտը, կանգնած են սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առաջ: Այս խնդրի լուծումը կենսական կարևորության հարց է, որն անհրաժեշտ է մարդկանց բնականոն ու անվտանգ կյանքը երաշխավորելու համար:

Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցությունը, առավել արդյունավետ դարձնել տարբեր հարցերում համատեղ ջանքերը` Ադրբեջանի իրական մտադրությունները վեր հանելու նպատակով, այդ թվում` ապացույցների միջոցով․ ադրբեջանական անօրինական արարքներն Արցախում պետք է ակտիվ ներկայացվեն միջազգային հարթակներում։

Back to top button