Նորություններ

Հայ սրտաբանները սինգապուրյան փորձը կներդնեն Հայաստանում

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը 2021թ. նոյեմբերին Սինգապուր աշխատանքային այցի շրջանակում այցելել էր Սինգապուրի Ազգային համալսարանի (NUS) բժշկագիտական դպրոց (NUS Medicine): Այն համարվում է ոլորտում աշխարհի առաջատար կենտրոններից մեկը, որտեղ նոր տեխնոլոգիաների, նանոտեխնոլոգիաների ու արհեստական բանականության կիրառմամբ ժամանակակից լուծումներ ու մշակումներ են առաջարկվում բժշկության տարբեր ճյուղերում։

Արմեն Սարգսյանը պայմանավորվածություն էր ձեռք բերել առողջապահության բնագավառում հայ-սինգապուրյան փոխգործակցության, մասնավորապես՝ հայ մասնագետների հետ փորձի փոխանակման, վիրաբուժական միջամտության ամենաժամանակակից մեթոդները Հայաստանում նույնպես կիրառելու վերաբերյալ։

Այդ պայմանավորվածության շրջանակում օրեր առաջ Սինգապուր էին այցելել կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին, սրտաբան Կարինե Սարգսյանը և անեսթեզիոլոգ Եվա Կրասնիկովան: Սրտի վիրահատության ոլորտում հայտնի այս մասնագետների նպատակն էր ծանոթանալ սինգապուրյան փորձին և քննարկել Հայաստանում սրտի մինի ինվազիվ, այսինքն՝ փոքր կտրվածքներով վիրահատություններ կատարելու հնարավորությունը:

«Մեզ համար կարևոր իրադարձություն էր հանդիպել Հայաստանից ժամանած հայտնի բժիշկների հետ։ Մեկ տարի առաջ մենք պատիվ ունեցանք հյուրընկալել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ով այցելեց մեր հաստատություններ և հետազոտական լաբորատորիաներ, ծանոթացավ մեր ակադեմիական ու վիրաբուժական գործունեությանը և հնարավորություններին։ Այդ այցից հետո մենք նախանշեցինք համագործակցության մի շարք ոլորտներ՝ կլինիկական փորձարկումներից մինչև փորձառության և գիտելիքների փոխանակում ու վիրաբուժական սիմուլյացիաներ»,- ասել է մինի ինվազիվ սրտային վիրաբույժ, Սինգապուրի Ազգային համալսարանական հիվանդանոցի սրտի, կրծքային և անոթային վիրաբուժության ամբիոնի վարիչ Թեոդորոս Կոֆիդիսը։ Նա նշել է, որ Հայաստանն ու Սինգապուրն ընդհանուր շատ բան ունեն՝ երկուսն էլ փոքր երկրներ են, ուստի զարգացնում են այլ՝ իրենց բնորոշ կարողություններ, տվյալ դեպքում՝ բժշկական նորարարություններն ու տեխնոլոգիաները։

«Հայաստանից եկած թիմը հնարավորություն է ունեցել մեկ շաբաթվա ընթացքում աշխատել մեզ հետ, լինել վիրահատարաններում, կիսվել գաղափարներով և կոնցեպտներով ներկայումս աշխարհում առաջատար համարվող մինի ինվազիվ, այսինքն՝ փոքր կտրվածքով էնդոսկոպիկ վիրահատությունների վերաբերյալ։ Նրանք նաև այցելել են հետազոտական լաբորատորիաներ, որտեղ մշակվում են սրտանոթային խնդիրների հաղթահարման առաջատար տեխնոլոգիաներ։ Մենք քննարկել ենք ինչպես դեղագործական, այնպես էլ նոր բժշկական սարքավորումների փորձարկումների ոլորտում գործակցության հնարավորությունները։

Համագործակցության հաջորդ քայլը կլինեն փոխայցելություններն ակադեմիակական, գիտական ու վիրաբուժական մակարդակներով։ Մհեր Սուսանիի հետ մենք արդեն մշակելենք առաջ շարժվելու գործողությունների նախնական ծրագիր»,- ասել է Թեոդորոս Կոֆիդիսը։

Հայաստանից ժամանած բժիշկները հանդիպել և համագործակցության հնարավոր ուղղությունները քննարկել են նաև Սինգապուրի կենսաբուժական, գիտական և տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն, Սինգապուրում սրտային, կրծքային, անոթային վիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Լի Չուեն Նենգի հետ: Կենսաբուժական, գիտական և տեխնոլոգիական կենտրոնը ծրագրեր է իրականացնում կոսմոբժշկության ասպարեզում։

Հայտնի հայ կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին կարևորել է սինգապուրյան փորձը Հայաստանում ներդնելու հեռանկարը, քանի որ, ի տարբերություն սրտի ավանդական՝ բաց վիրաբուժական միջամտությունների, որոնք ունեն հետվիրահատական երկարատև վերականգնողական փուլ, մինի ինվազիվ, այսինքն՝ փոքր կտրվածքով վիրահատական եղանակի ներդրումն էապես կփոխի իրավիճակը, այդ թվում՝ զգալիորեն կրճատելով վերականգնողական գործընթացի ժամկետը և հիվանդի համար նվազ տրավմատիկ վիրահատություն ապահովելով: «Այսինքն, հիվանդը վիրահատությունից 3-4 օր անց տուն է գնում, և ոչ ոք չի էլ մտածի, որ նա սրտի վիրահատության է ենթարկվել։ Այս մեթոդի ներդրումը որակապես նոր աստիճանի կբարձրացնի բժշկության և հատկապես սիրտ-անոթային վիրաբուժության մակարդակը Հայաստանում՝ մեր երկրին հնարավորություն տալով տարածաշրջանում դառնալ ոլորտի առաջատար։

Մենք կարծում ենք, որ մեր բժշկությամբ լավ տեղում ենք, սակայն աշխարհն առաջ է գնում, սրտանոթային ոլորտն ամենաարագ զարգացող ուղղություններից է, և մենք պետք է ձգտենք համաքայլ շարժվել»,- ասել է բժիշկ Սուսանին։

Նա հավելել է, որ, համաձայն նախնական պայմանավորվածության, սինգապուրցի մասնագետները Հայաստան կժամանեն 2023 թվականի ամռանը։

Back to top button