Նորություններ

«Երեխաներին կարող են առաջարկել շոկոլադ, փոխարենը տրամադրել թմրանյութ». անչափահասներին սպառնացող վտանգների ու նրանց կատարած հանցագործությունների մասին

Վիճակագրությունը փաստում է, որ վերջին 2 տասնամյակի ընթացքում Հայաստանում հանցագործությունների թիվը 1,6 անգամ աճել է: Ու սա այն դեպքում, երբ 20 տարի առաջ բնակչության թիվն ավելին էր, քան հիմա: Բերված տվյալները Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնինն են:

ԳԱԼԱ-ի տեղեկացմամբ՝ տվյալները ներկայացրել է կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը՝ մանկավարժների, դպրոցականների, ոստիկանության, դատախազության աշխատակիցների հետ անցկացված համաժողովում: «Հասարակական կազմակերպությունների դերը անչափահասների դաստիարակության գործում» թեմայով համաժողովի ընթացքում ներկաները խոսել են անչափահասների շրջանում տարածված իրավախախտումների, դրանք ծնող պատճառների և կանխարգելման հնարավորությունների մասին:

Սեյրան Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ Շիրակի մարզում անչափահասների հանցագործությունների սպեկտորը լայն է՝ թմրանյութերի շրջանառությունից և օգտագործումից սկսած, մինչև սպանություն: Ըստ նրա՝ Հայաստանում անչափահասների բռնի, ագրեսիվ վարքագիծը աճման միտում ունի: Յուրաքանչյուր 5-րդ հանցագործությունը տեղի է ունենում դրսում՝ զբոսայգի, փողոց և այլն: Պատճառներից մեկն էլ, ըստ բանախոսի, այն է, որ անչափահասների ժամանակը հիմնականում անիմաստ է անցնում, փողոցում թափառելով, սերունդների կոնֆլիկտն է ընտանիքներում ակնառու, նաև ավագ դպրոցի առանձնացումն է խնդիրներ ստեղծում ոմանց համար, երբ ստիպված են ավելի բարձր տարիքում   դպրոցականները նոր շրջապատ ձեռք բերել և այլն: Համատարած կին ուսուցիչներ, միակողմանի դաստիարակություն. սա էլ է նպաստում երեխաների մոտ վարքային շեղումների առաջացմանը:

Շիրակի մարզի դատախազ Քրիստինե Բաղդասարյանը հիշեց, որ 1 տարի առաջ նույնպես հավաքվել էին, քննարկեցին խնդիրը, բայց բացի Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնից, այլ հասարակական կազմակերպություններից արձագանք չեղավ դրա լուծման ուղղությամբ: Քրիստինե Բաղդասարյանի ներկայացմամբ՝ 1տարվա ընթացքում Շիրակի մարզում անչափահասների նկատմամբ կատարված հանցագործություններով 57 քրեական գործ է հարուցվել, իսկ անչափահասների մասնակցությամբ՝ 42:

Հանցագործություններից զատ, անչափահասների շրջանում, ըստ մարզի դատախազի, շատ տարածված են միմյանց վիրավորանքներ հասցնելը, սպառնալիքներ հնչեցնելը: Իսկ այս տարվա հուլիսի 1-ից սկսած մարդուն ծանր վիրավորանքներ հասցնելը այլևս քրեորեն պատժելի արարք չէ: Դատախազի հորդորն է անչափահասներին, որ իրենց լուսանկարները չհրապարակեն սոցիալական կայքերում, ինչի պատճառով կարող են դառնալ դաժան հանցագործության զոհեր՝ շորթում, գողություն, հափշտակություն:

«Ձեր լուսանկարները կարող են ներբեռնել, ու ձեր յուրաքանչյուր անձնական տվյալ կարող է օգտագործվել մեր թշնամու կողմից: Սոցիալական կայքերում շատ ակտիվ մի՛ եղեք, գումար պահանջող խաղեր մի՛ խաղացեք, կասկածելի անձանց հետ մի՛ շփվեք: Վտանգը կարող է սպառնալ ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր ընտանիքներին»,- ավելացրեց դատախազը:

Քրիստինե Բաղդասարյանը չի կարողանում հասկանալ, թե ինչու է հասարակությունը դարձել անտարբեր. մեծահասակը վախենում է անչափահասների վիճաբանությանը միջամտել: Անչափահասը դասի է գալիս ավտոմեքենայով, առանց վարորդական վկայականի, իսկ ուսուցիչները դա չեն արգելում՝ մտածելով, թե դպրոցից դուրս դա իրենց խնդիրը չէ: Նա հորդորեց մանկավարժներին՝ դասերին ընդգրկել այն թեմաները, որոնք օրենսդրությանն են վերաբերում:

Նա խոսեց, իր բնորոշմամբ, զարհուրելի մի իրավիճակի մասին՝ նշելով, որ շատացել են անչափահասների նկատմամբ անառակաբարո հանցագործությունների տեսակները: Նախկինում նման դեպքեր, ըստ դատախազի, չեն գրանցվել: Անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների մեջ գերակշռում են գողությունները, ինչը առաջին հերթին պայմանավորում են ընտանիքների սոցիալական վատ վիճակով: Բայց ըստ Քրիստինե Բաղդասարյանի՝ ՀՀ օրենսգրքով, 14 տարեկանից սկսած, ծնողի համաձայնությամբ, երեխաները կարող են աշխատել ու օգնել ծնողին:

«Հավատացած եղեք, որ ձեր վաստակածն ավելի հեշտ է տնօրինել, առանց վախի, քան գնալ ուրիշի ունեցվածքի նկատմամբ ոտնձգություն անել»,- ասում է դատախազը:

ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գուրգեն Պետրոսյանը հայտնեց, որ անչափահասների շրջանում գողությունների փաստը ցավալի է, քանի որ այն խմբով է տեղի ունենում: Ստեղծվում է խումբ, որի կազմակերպիչն ու օժանդակողները լինում են անչափահասները: Ըստ բաժանմունքի պետի՝ վատ է, որ նման իրավիճակներում կրթական համակարգը չունի իրազեկման բավարար լծակներ, պետք է դրա համար պայմաններ ստեղծել, նաև տեղյակ պահել, փորձել իրավապահների հետ համագործակցել, որ ընտանիքում երեխան բարձիթողի վիճակում գտնվելով՝ դպրոցը գոնե այդ բացը լրացնի:

Ըստ նրա՝ բազմաթիվ դեպքեր ունենք, արարքներ, որոնք թեև հանցագործություն չեն, բայց դրանց շարունակականությունը կարող է բերել հանցագործության: Ըստ Գուրգեն Պետրոսյանի՝ ուսումից խուսափողների խնդիրն է բավականին ցավալի:

«2 ամիս է խնդրով զբաղվում ենք, բայց ցանկալի արդյունք չենք կարող ապահովել: Ծնողներն էլ, մանկավարժներն էլ չեն կարողանում երեխաներին դպրոց ուղարկել, և անչափահասները դառնում են ոստիկանությունում հաշվառվածներ»,- ասում է նա:

Գուրգեն Պետրոսյանի խոսքով՝ անչափահասների մասնակցությամբ իրենց բաժնում այս տարի գրանցված միակ դեպքը  ինտերնետի մալուխների գողությունն էր ստորգետնյա դիտահորերից, որտեղ 1 ընտանիքից 2 երեխա էր ընդգրկվել, պետությանը 2 մլն դրամի վնաս էր հասցվել: Մյուս դեպքն էլ մարզում կարկտակայանների գողությունն էր, որի կազմակերպիչները անչափահասներ չէին, անչափահասներին ներգրավել էին:

«Ի զարմանս մեզ, մեր պրակտիկայում ունեցած դեպքերով, հանցագործություն կատարածների գրեթե 80 տոկոսը բավարար ապահովված ընտանիքների երեխաներ են եղել, ովքեր կարող էին չկատարել այդ հանցագործությունները: Կարիքը չէր ստիպել, իրենք իրենց ուզածն էին արել»,- ավելացնում է ոստիկանության անչափահասների գործերով բաժանմունքի պետը:

Թմրանյութեր և՛ պահելու, և՛ իրացնելու դեպքեր են արձանագրվել Շիրակի մարզում: Ըստ օրինապահների՝ լայն տարածում ունի սոցիալական կայքերով թմրանյութերի վաճառքը: Հորդորեցին անչափահասներին հեռու մնալ այդ ամենից:

«Երեխաներին կարող են առաջարկել շոկոլադ, փոխարենը տրամադրել թմրանյութ»,- ասում է մարզի դատախազը:

Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը հավաստիացրեց, որ «սոցիալական պատճառ» ասվածը ընդամենը ածանցյալ է. ամեն հանցագործության տակ կան լուրջ պայմաններ՝ վաղ մանկության տարիքից եկած տրավմաներ և սթրեսներ, որոնք շատ դեպքերում ծնողներն են երեխային հասցնում, երբ նրա նկատմամբ նաև գերուշադրություն են ցուցաբերում. երեխան վատնում է իր կյանքը, չի հոգում հացի, ապրուստի խնդիր, և սա բերում է շատ լուրջ խնդիրների:

«Մեր աշխատանքը տարիներ շարունակ պարզել է, որ սոցիալապես անապահով ընտանիքներից լավ երեխաներ են դուրս գալիս, երբ այդ ընտանիքներում կա սեր, ջերմություն, ծնող-երեխա կապ»,- ասում է Գորգինյանը:

«Հարգելի՛ մանկավարժներ, դուք շատ դեպքերում մեզնից ավելի լավ գիտեք, թե ինչ է կատարվում ընտանիքում, բայց չեք բացահայտում: Երբ դեպք է լինում, նոր են մանկավարժներն ասում, որ տարիներ շարունակ այս խնդիրը կար: Չգիտես ինչու, եթե մի բանի մասին բարձրաձայնենք, կհամարվենք, այսպես ասած, «գործ տվող», բայց ոչ կանխարգելող: Նրբանկատությունը կարևորագույնն է այս հարցերի համատեքստում»,- ասում է Լիլիթ Գորգինյանը:

Համաժողովի ժամանակ որոշվեց, որ հասարակական կազմակերպությունները  առաջարկությունների փաթեթ կպատրաստեն և կներկայացնեն օրինապահ մարմիններին:

Կարինե Կազարովա          

Back to top button